Նոր մանրամասներ՝ Վարդանանց փողոցում տաքսու վարորդի կողմից իրավաբանի սպանության մասին. կասկածյալի ինքննությունը հայտնի է
Նոյեմբերի 24-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Վարդանանց փողոցի թիվ 14 հասցեում կրակոցներ են հնչում, տեղեկացնում է ոստիկանության կայքը: Ժամը 21.10-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են նշված շենքի մոտ, որտեղ հայտնաբերել են 1983 թ. ծնված Հովհաննես Աթանյանի («Անելիք» բանկի իրավաբանն է) դիակը` ձախ թիակի շրջանում հրազենային վնասվածքի հետքով:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կենտրոնականի բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական անհետաձգելի միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 25-ին պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Երևանի բնակիչ, 1961 թ. ծնված Մկրտիչ Պ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
Operativ.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել սպանության հետ կապված: Միջադեպը տեղի է ունեցել իրավաբանի աշխատավայրից դուրս գալուց հետո: Կողմերը համաձայնության չեն եկել մեքենաների տեղաշարժման հարցում և չեն ենթարկվել միմյանց կողմից հնչեցրած ազդանշանային համակարգերին: Իրավիճակն այնքան է լարվել, որ «ВАЗ 2107»-ի՝ տաքսու վարորդի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդի՝ իրավաբան, 32-ամյա Հովհաննես Աթանյանի միջև առաջացել է թեժ վիճաբանություն, լեզվակռիվ, հնչել են փոխադարձ վիրավորանքներ, հայհոյանքներ, ինչն էլ ավարտվել է սպանության ելքով:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ 2015 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: