Ռուսական պայմանագրային զինծառայողը մահացել է Սու-24-ի փրկարարական աշխատանքների ժամանակ
Սիրիայում Սու-24-ի անկման վայրում ռուսական կողմի ձեռնարկած որոնողական-փրկարարական գործողությունների ընթացքում մահացել է ռուս ծովային պայմանագրային զինծառայող։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն՝ հղում անելով ՌԴ գլխավոր շտաբին։
Ռուս զինվորականները հաստատել են նաև, որ Մի-8 ուղղաթիռներից մեկը ևս կործանվել է ռմբակոծիչի կործանման վայրում։ Հենց այդ Մի-8-ի մեջ էլ մահացել է պայմանագրային զինծառայողը։ Ռուս հրամանատարները կարծում են, որ մահացել է թուրքերի կողմից խփված Սու-24-ի օդաչուներից մեկը։
«Ռուս օդաչուների էվակուացիայի նպատակով Սու-24-ի անկման վայրում կազմակերպվել էր որոնողական-փրկարարական գործողություն, որին մասնակցում էին երկու Մի-8 ուղղաթիռներ։ Գործողությունների ընթացքում ուղղաթիռներից մեկը կրակոցների պատճառով վնասվել և հարկադիր վայրէջք է կատարել չեզոք տարածքում։ Մեկ պայմանագրային զինծառայող մահացել է», - հաղորդել է գլխավոր շտաբի ներկայացուցիչ գեներալ լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը։