Որոշ գործիչներ երբեմն մոռանում են, թե իրենք որ երկրից են. Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսամետությունը, եվրոպամետությունը, ամերիկամետությունը պետք է վերացվեն Հայաստանի քաղաքական կուլտուրայից, որպես մեր ժողովրդի՝ ինքնիշխան պետություն ունենալու կամքը խաթարող լրջագույն գործոն:
Հայաստանի այն քաղաքական գործիչները, ովքեր մտածում և գործում են որպես Ռուսաստանի, կամ Եվրոպայի, կամ ԱՄՆ-ի «պատրիոտներ» պետք է մերժվեն և դուրս մղվեն ներքաղաքական կյանքից:
Հայկական ինքնիշխանության կամքի կենտրոնի ձևավորումն է մեր պետականության կենսունակության հիմնական երաշխիքը:
Վերը շարադրվածը որեւէ կերպ չի կարելի մեկնաբանել Ռուսաստանի կամ Եվրոպայի կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման մերժում: Անմտություն կլինի թերագնահատել այդ երկրների հետ հարաբերությունների կարևորությունը Հայաստանի համար:
Խոսքը այն ուժերի և գործիչների մասին է, ովքեր արտաքին շփումների և ներքաղաքական պայքարի ընթացքում մոռանում են, թե իրենք որ երկրից են»: