Արդեն 2 տարի է՝ «Երևան ջուր»-ը հրաժարվում է սակագինը բարձրացնել. Մուրադ Սարգսյան
«Երևան ջուր» ՓԲԸ հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը և ՓԲԸ «Արևմուտք» շահագործման տնօրեն Արամ Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեցին ընկերության գործունեության վերջին եռամսյակը, խոսեցին ծագած խնդիրների և բարենորոգումների մասին:
Արամ Սահակյանը նշեց, որ ընկերությունը կարողացավ պատվով հաղթահարել շոգ ամառվա պատճառով ծագած խնդիրները: ««Երևան ջուր»-ը բաժանորդներին մատակարարում է օրական առնվազն 17 ժամ մաքուր ջուր, որն ապացուցվեց անցկացված 17 900 մանրէաբանական և քիմիական անալիզների ընթացքում: Ջրի պատճառով չի գրանցվել թունավորման ոչ մի դեպք, չի հայտնաբերվել մանրէաբանական և ոչ մի շեղում»,- ասաց Արամ Սահակյանը:
Ամփոփելով գործունեության 9 տարվա աուդիտորը` Մուրադ Սարգսյանը նշեց, որ այս տարիների ընթացքում ընկերությունը ջրի սակագինը 172,8 դրամից հասցրել է 170,2 դրամի:
«Մենք պարտավոր էինք ջրի սակագինը բարձրացնել դեռևս նախորդ տարի, սակայն արդեն 2 տարի է` հրաժարվում ենք այդ քայլից և սեփական միջոցներով փոխհատուցում»,- ասաց Մուրադ Սարգսյանը:
Operativ.am-ի թղթակցի այն հարցին, թե որոնք են վթարային ջրանջատումների հիմնական պատճառները, «Երևան ջուր» ընկերության աշխատակիցները նշեցին, որ ջրանջատումներ լինում են հիմնականում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Նրանք փաստեցին, որ ջրանջատումներ լինում են քաղաքի փոքր հատվածներում, և դրանք մոտ 6,5 ժամում վերացվում են:
Հանդիպման վերջում «Երևան Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցները նշեցին՝ հաջորդ տարի լրանում է ընկերության աշխատանքային պայմանագրի 10-րդ տարին, և հույս ունեն մրցույթում ձեռք բերել ջրի միակ մատակարարի իրավունքը: