Վարդան Պետրոսյանը թատրոնում աշխատելու հրավեր է ստացել
Ինչպես հայտնել էինք, դերասան Վարդան Պետրոսյանը սեպտեմբերի 2-ից արդեն ազատության մեջ է գտնվում:
Հինգ տարվա ազատազարկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանը հետագա պատիժը` մոտ երեք տարի, կրելու է բաց ռեժիմով, որի ընթացքում նա պետք է որևէ հանրօգուտ գործ կատարի, որպեսզի մնա ազատության մեջ:
Այս մասին Operaiv.am-ի թղթակցին հայտնեց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Վարդան Պետրոսյանն արդեն թատրոնում աշխատելու հրավեր է ստացել: Նա պետք որևէ հանրօգուտ գործով զբաղվի, որպեսզի ազատության մեջ մնա: Դա բաց ռեժիմով պատիժը կրելու տարբերակներից է»,-ասաց փաստաբանը:
Բաղդասարյանը նշեց նաև, որ դերասանի առողջական վիճակը համեմատաբար լավ է, սակայն նա բուժման կուրսեր անցնելու կարիք ունի: