Հայ ռեժիսորի «Մոսկվի՛չ, իմ սեր» ֆիլմը միջազգային կինոփառատոնում Գրան պրիի է արժանացել
Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ` իմ սեր» ֆիլմը Սախալինի 5-րդ միջազգային փառատոնում արժանացել է Գրան պրիի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում:
Փառատոնը անց է կացվել օգոստոսի 21-ից 28-ն ընկած ժամանակահատվածում:
Հայաստանն առաջին անգամ է մասնակցել այս փառատոնին:Մրցութային ծրագրում ընդգրկված է եղել 9 ֆիլմ: Սախալինի «Աշխարհի ծայրը» միջազգային 5-րդ կինոփառատոնի ժյուրին գլխավորել է ռեժիսոր Մոհսեն Մահմալբաֆը,ով Իրանից է:
«Մոսկվիչ, իմ սեր»-ը պատմում է ծերունի Համոյի մասին, ով ապաստան է գտնում Հայաստանի լեռներում կորած մի գյուղում և տաղտուկ կյանքով ապրում է կնոջ հետ: Ռուսաստանից տղայի ուղարկած գումարը հազիվ բավականացնում է ապրուստին:
Համոն թաքուն երազանք ունի՝ ձեռք բերել «Մոսկվիչ»՝ աշխարհի ամենագեղեցիկ ավտոմեքենան, որը նրան խոստացել էր խորհրդային տարիների ղեկավարությունը, բայց որը նա այդպես էլ չստացավ: Միությունը փլուզվել է, Համոյի երազանքը՝ մնացել: Մի օր Համոն հանկարծ իմանում է, որ հարևան գյուղում «Մոսկվիչ» են վաճառում: