Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Խաչատրյանը
Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 18 տարեկան հասակում տեղափոխվել է Երևան: 1945-48թթ սովորել Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժնում: 1949-51թթ ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ երգեցողության ֆակուլտետում: Հետագայում դասավանդել է` որպես պրոֆեսոր: Նրա ստեղծագործական գործունեությունը կապված էր Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական և Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական նվագարանների պետական անսամբլների հետ:
Կատարել է Նիկոլ Գալանդերյանի, Ռոմանոս Մելիքյանի, Անտոն Մայիլյանի ռոմանսներից: Երգացանկից առավել ահյտնի են «Մախմուր աղջիկ», «Տավիղ» և այլ կատարումներ: Երգչուհու մի շարք կատարումներ հայկական կատարողական արվեստի ոսկե ֆոնդում են գրանցվել, հատկապես` հայկական ռոմանսների կատարումները: Համերգներով եղել է աշխարհի տարբեր երկրներում, արժանացել մի շարք մրցանակների, պատվոգրերի: 1982թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: