Նաիրիտցիներն անժամկետ նստացույց սկսեցին ՀՀ կառավարության շենքի մոտ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր՝ հուլիսի 30-ին, «Նաիրիտ» գործարանի նախկին և ներկա աշխատակիցները կրկին ՀՀ կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ձայնն են բարձրացրել կապված աշխատավարձերի մարման հետ:
Վերջիններս իրազեկման երթ անցկացրեցին Հանրապետության հրապակի հարակից փողոցներում և հայտարարեցին, որ ՀՀ կառավարությունը չի կատարել իր խոստումն ու չի վճարել աշխատավարձերը սահմանված ժամկետում:
Քիչ առաջ նաիրիտցիները ՀՀ կառավարության շենքի դիմաց անժամկետ նստացույց սկսեցին՝ իրենց աշխատավարձային պարտքերն անհապաղ վճարելու պահանջով:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ «Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերը մոտակա մեկ-երկու օրերին կվճարվեն։