Ոստիկանությունն ունի տեղեկություն, որ ցույցի կազմակերպիչները սադրանքներ են պատրաստում. Աշոտ Ահարոնյան
Այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Բաղրամյան պողոտայում ցուցարարների հետ զրույցի ժամանակ նշեց, որ ՀՀ ոստիկանությունը տեղեկություն ունի, որ այս գիշեր, ժամը 02.00-ին, որոշ անձինք, որոնք իրենց համարում են նստացույցի կազմակերպիչներ, որոշում են կայացրել սրել իրավիճակը, վրաններ տեղադրել, բարիկադներն առաջ բերել:
«Նրանք կարծում են, որ այսպես չի լինի, հետաքրքիր չի: Հետևաբար որոշել են աղբամաններից բացի վրաններ տեղադրել, սադրանքներ կազմակերպել ոստիկանների նկատմամբ և սրել իրավիճակը, փակելով փողոցներ: Սա ձեզ հայտնի մարդիկ են, ես ձեռնպահ եմ մնում անուններ տալուց: Դուք գիտեք ոստիկանության վերաբերմունքը վրաններ տեղադրելու վերաբերյալ: Կոչ եմ անում սադրանքի չտրվել, քանի որ նրանք սադրիչներ են և ուզում են ձեզ օգտագործել ձեզ ի շահ իրենց նպատակների»,- ասաց Աշոտ Ահարոնյանը: