Մանրամասներ ծննդատանը հրազենային վնասվածք ստացած մոր և երեխայի առողջական վիճակի մասին
Ինչպես հայտնել էինք, հունիսի 30-ին ծննդատանը ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած մոր վիճակը ծանր էր:Operativ.am-ի թղթակիցը կնոջ և երեխայի առողջական վիճակի մասին տեղեկություններ իմանալու նպատակով կապ հաստատեց Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանըի հետ, ով հայտնեց, որ մոր և երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ, սակայն վատացում չկա, ինչն արդեն դրական տեղաշարժ է:
«Մոր վիճակը ծանր կայուն է: Գիտակցությունը տեղն է, արձագանքում է ռեակցիաներին, ցանկանում է պատասխանել հարցերին, սակայն արհեստական շնչառության ապարատին է միացված»,-ասաց Ռազմիկ Աբրահամյանը:
Տնօրենի խոսքով՝ երեխայի վիճակը ևս ծանր է, սակայն, վատացում չկա, և ՀՀ առողջապահության նախարարն ու մյուս մասնագետներն ամեն ինչ անում են, որպեսզի փրկեն մոր և երեխայի կյանքը:
Հիշեցնենք, որ Երևանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում հունիսի 30-ին արտակարգ դեպք է գրանցվել: Ամուսինը գնացել էր հիվանդանոց, կրակել կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջն ու ինքնասպան եղել: