Ամբոխը սուտն է
Հասարակական կարծիքն, ինչ խոսք, հզոր ուժ է, որ հիմնականում կազմակերպվում է սկսած հեռուստատեսությունից ու ռադիոյից, համացանցից, տպագիր մամուլով մինչև ասեկոսեներն ու բամբասանքները: Իրենց քաղաքական մրցակցին ոչնչացնելու կամ առնվազն չեզոքացնելու համար այդ ուժը կիրառվում է բոլոր հարթություններում: Այդ առիթով չի կարելի չհիշատակել Նիցշեի փայլուն աֆորիզմը` “Ամբոխը` սուտն է”: Իրոք, մարդու` ինքն իրեն ստելն առնվազն անհեթեթություն է, քանի որ ինքը գիտի, որ ստում է: Երկու հոգու դեպքում, բարեկամության թե սիրո մեջ, սուտը խիստ պայմանական է, քանի որ երկուստեք դա իմանալով հանդերձ, միմյանց փոխադարձաբար հանդուրժելու անհրաժեշտությունից ընդունում են խաղը և դրա կանոնները: Երեքի, չորսի, հինգի և ավելիի պարագայում տպավորություն գործելու և այդ տպավորությունը շահարկելու միտումը գնալով մեծանում է, հետն էլ` սուտը: Ամբոխային մասշտաբներով կարելի է պատկերացնել, թե սուտն ինչ չափերի է հասնում: Հասարակական կարծիքը, իր լայն ընդգրկումով, արժանի է դառնում նույն գնահատականին:
Բացասական լիցքի տեսակետից` զրպարտության բնույթ ձեռք բերած հասարակական կարծիքը կարող է ունենալ չորս հետևանք: Առաջինն այն է, որ թիրախ դարձած անհատը դառնում է այն, ինչ տարածել են նրա մասին և ինքնասպանություն է կատարում: Երկրորդ` անհատը չի դառնում այն, ինչ տարածում են նրա մասին և ինքնասպանություն է կատարում: Երրորդ` անհատը դառնում է այն, ինչ որ տարածում են նրա մասին և ինքնասպանություն չի կատարում: Չորրորդ` անհատը չի դառնում այն, ինչ որ տարածում են նրա մասին և ինքնասպանություն չի կատարում:
Հասարակական կարծիքը տոտալիտար ռեժիմի պայմաններում ավելի ազդեցիկ է, քանի որ բացակայում է ընդդիմությունը, որը կարող է պաշտպան կանգնել թիրախ դարձած անհատին: Քննարկման առարկա դարձած անհատի մասին հասարակական կարծիքը տասնամյակների ընթացքում վերամշակվում է, ի վերջո տվյալ սերնդին որպես քիչ վերաբերվող նյութ, և առավել ևս անհատի ֆիզիկական բացակայությամբ, սուզվում է համատարած անտարբերության մեջ: Պարզ է, որ անհատի և հասարակական կարծիքի միջև կայացող մենամարտն իր էական նշանակությունն ունի հատկապես անհատի կենդանության օրոք և հետմահու առաջին տարիներին:
Թեպետ հասարակական կարծիքը ընդհանրական հասկացություն է, սակայն նրա բաղադրիչ մասը կազմող յուրաքանչյուր մարդ պատասխանատու է դրան տրվող իր շահադիտական կամ ոչ շահադիտական համերաշխությամբ, իր մեկուսի քաշվելու թուլակամությամբ, իր եսասիրական անտարբերությամբ, ինքնուրույն մտածելու իր ծուլությամբ և դիվոտած չարակամությամբ:
Վահագն Արմենյան. ֆեյսբուք: