Աբովյանի քաղաքապետի թեկնածու Սամվել Հակոբյանը ինքնաբացարկ ներկայացրեց՝ ի օգուտ ինքնաառաջադրված Էդվին Թադևոսյանի (տեսանյութ)
ՔաղաքականԻնչպես հայտնի է, հունիսի 7-ին Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություններն են: Քաղաքապետի թեկնածուներն են Վահագն Գևորգյանը, Էդվին Թադևոսյանը, Կարապետ Իսրայելյանը, Սամվել Հակոբյանը, Արթուր Հարությունյանը և Արթուր Հարությունյանը:
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց Աբովյանի քաղաքապետի թեկնածու Սամվել Հակոբյանի հետ: Վերջինս Աբովյանի հիմնադիրներից է համարվում: Իր հարազատ քաղաքում ունենալով քաղաքացիների վստահությունն ու հարգանքը՝ որոշել է ինքնաբացարկ ներկայացնել ի օգուտ ինքնաառաջադրված Էդվին Աշոտի Թադևոսյանի:
-Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել, որպես Աբովյան քաղաքի քաղաքապետ:
Այս անգամ, տեսնելով թեկնածուների ցանկը, որոշեցի, որ անպայման պետք է դնեմ իմ թեկնածությունը: Իմ թեկնածությունը դրել եմ հանուն քաղաքի և բնակիչների բարեկեցության:
-Եթե լինեիք Աբովյան քաղաքի քաղաքապետ՝ Ձեր առաջին քայլը ո՞րը կլիներ:
Ընտրվելու դեպքում անելու էի ամեն հնարավորը, որպեսզի քաղաքը զարգանար: Ամենասկզբից պետք է դադարեցվի ծառերի կտրատումը և կանաչ գոտիների վերացումը: Այսօր այն թեկնածուները, ովքեր հայտարարում են, որ կատարում են ասֆալտապատում, դա իրականացնում են իրենց մեքենաների համար: Մայթերը պետք է վերադարձնենք բնակիչներին:
-Իսկ ճի՞շտ է այն տեղեկությունը, որ ինքնաբացարկ պետք է ներկայացնեք թեկնածուներից մեկի օգտին, մասնավորապես՝ Էդվին Աշոտի Թադևոսյանի:
Այո՛, ճիշտ է: Երեկ պատահական հանդիպում ունեցա Աբովյանի քաղաքապետի թեկնածուներց մեկի՝ Էդվին Թադևոսյանի հետ: Զրույցի ժամանակ նրան հարցրեցի, թե լինելով հաջողակ գործարար, ինչու է այս երիտասարդ տարիքում որոշել առաջադրվել:Ի պատասխան իմ հարցին, Էդվին Թադևոսյանը պատասխանեց. «Տեսնելով, թե ինչ վիճակում է գտնվում ներկայիս Աբովյանը, ցավ եմ ապրում, և իմ ուժերի ողջ ներուժով պետք է անեմ ամեն հնարավոր բան, որպեսզի աբովյանցին հպարտ քայլի իր քաղաքում: Ես քաղաքապետի պաշտոնի համար չեմ պայքարում, ես պայքարում եմ աբովյանցու համար»:
- Աբովյանցիների հարգանքն եք վայելում, և հնարավորություն ունեիք հաղթանակ տանել այս ընտրություններում , ինչո՞ւ որոշեցիք ինքնաբացարկ հայտնել:
Ես հնարավություններ ունեի, սակայն, երբ տեսնում ես, որ բարձրագույնն ավարտած երիտասարդն ունի կյանքի լավ փորձ, աշխատել է տաբեր բնագավառներում և հանդիսանում է հաջողակ գործարար, ցանկանում ես նրան աջակցել, քանի որ հավատում ես նրա ուժերին: Ինձ դուր եկավ այն փաստը, որ Էդվին Թադևոսյանն ասաց, որ ընտրվելու դեպքում նրա խորհրդատուները լինելու են ավագ սերնդի ներկայացուցիչները, այսինքն՝ նա միայնակ չի կառավարելու, այլ հաշվի է նստելու արդեն փորձառու ներկայացուցիչների հետ:
-Իսկ ի՞նչ կասեք այն տարածված լուրերի մասին, որ Դուք միայն կենտրոնական շտաբեր ունեք:
Գործնական քայլերս իրականացնելու համար ինձ հարկավոր է մեկ շտաբ, սակայն ես ունեմ ևս 400 շտաբ: Իմ ռեսուրսը շենքերն են՝ իրենց բնակիչներով
-Իսկ Ծառուկյանին հակառակորդ համարո՞ւմ եք:
Իսկ ինչու Ծառուկյանը քաղաքապետի թեկնածո՞ւ է առաջադրվել:
Նշենք, որ Սամվել Հակոբյանը 1988թ. հիմնադրել է «Նաիրի» տաքսի ծառայությունը, 2005թ. ձեռք է բերել «Լանջ» հեռուստաընկերությունը, որը ներկայումս «Նարեկ» է կոչվում, սակայն փոխանցել է իր զավակներին՝ անձամբ մնալով խորհրդատու, հեռուստաընկերության սեփականատեր: Մինչև 2002թ. զբաղեցրել է տարբեր պաշտոններ. օրինակ՝ Քաղաքային առևտրի պետական ձեռնարկության տնօրեն (Քաղառ), Կոտայքի մարզի Էներգովերահսկողության վարչության պետ: Երբևէ կուսակցական պատկանելիություն չի ունեցել և աշխատել է «մաքուր» մարդկանց հետ, ովքեր քաղաքի, պետության և պետականության համար են աշխատել: