Սեյրան Օհանյանը դիմել է գլխավոր դատախազին՝ իր և ընտանիքի մասին տարածվող լուրերի խնդրով
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 27-ին դիմել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որպեսզի վերջինս զբաղվի իր և կնոջ մասին վերջին շրջանում լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների տարածման խնդրով:
Նախարարը գրել է, որ իր կնոջ մասնակցությամբ վթարի, Ֆրանսիայում հիվանդանոց, թանկարժեք մուշտակ ձեռբ բերելու և մյուս լուրերը սուտ են, ապատեղեկատվություն, նպատակ ունեն զրպարտելու իրեն և իր ընտանիքին:
Օհանյանը խնդրում է պարզել տեղեկությունների իսկությունը, իսկ եթե պարզվի, որ դրանք սուտ են, ճշտել դրանք տարածողի ինքնությունը և պատասխանատվության ենթարկել:
Ներկայացրել է նաև խնդրո առարկա հրապարակումները՝ հիմնականում «Հայկական ժամ» կայքից: Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը.
«Նկատի ունենալով, որ վերոնշյալ նյութերում առկա է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից վերոնշյալ նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն՝ Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ընթացքը լուծելու համար»:
Նկատենք, որ զրպարտությունն ու վիրավորանքը վաղուց են ապաքրեականացվել, սակայն պաշտպանության նախարարը որոշել է ետ պտտել ժամանակի անիվը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: