«Վերջին զանգ»-ի հետ կապված նկատվում է մոտ 5-7% գնաճ. Արմեն Պողոսյան
«Վերջին զանգ»-ն առաջին հերթին տոն է շրջանավարտների, ծնողների և հետո մեզ համար: Բայց այստեղ ևս կա սոցիալակական խնդիր, քանի որ մարդիկ միշտ մրցավազքի մեջ են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը, անդրադառնալով «Վերջին զանգ»-ի սոցիալ-հոգեբանական կողմին և հնարավոր հետևանքներին:
Ըստ բանախոսի՝ մարդիկ մտածում են, թե որտեղ անցկացնեն իրենց երեկոն, բայց կարևորը տոնի բովանդակությունն է և ոչ շքեղությունը: «Ունեցողներն ունեն, իսկ չունողները՝ ստիպված են: Պետք է ձգտեն համեստի, քանի որ տոնի բովանդականությունն է կարևոր: Մեր ժամանակ, մենք վազում էինք Կարապի լճի շուրջ և դա էր հաճույքը, ոչ թե մեքենաներով երթևեկելը, որը վտանգավոր է»,- նշեց բանախոսը:
Արմեն Պողոսյանը նաև նշեց, որ պետք է համապատասխան աշխատանքներ տարվեն այդ միջոցառումները կազմակերպելու համար և՛ գյուղերում, և՛ մայրաքաղաքում: «Երեխայի նսեմացված վիճակից վատ բան չկա, և ես բացասական եմ գնահատում, բոլոր այն ճոխություններին, որոնք անում են այդ օրը: Պատկան մարմինները պետք է նաև շրջաններում կազմակերպեն այն նույն միջոցառումները, քանի որ գյուղի երեխաները ոչնչով պակաս չեն»:
Սպառողների ասոցիացիայի նախագահն իր խոսքում նաև ընդգծեց, որ գնաճ նկատվում է մոտ 5-7%-ով: «Խոսքը հագուստի մասին չէ, այլ ծաղիկների, աքսեսուրաների, հուշանվերների»,- եզրափակեց բանախոսը»: