Մենք դարձել ենք մաֆիոզ ԱԺ. Հրանտ Բագրատյան
ԱԺ մայիսի 5-ի արտահերթ նիստին քննարկվող «Եկամտահարկի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, որով նախատեսվում է հարկային դաշտ բերել նաև արտագնա աշխատանքի մեկնողներին, մեծ աղմուկ և ընդվզում առաջացրեց պատգամավորների շրջանում:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ զարմացած է. «Օրենքը որևէ քննադատության չի դիմանում: ՌԴ-ին հարցրե՞լ եք, որ նման փոփոխություն եք անում, բա որ մեկը որոշի ու նամակ գրի Պուտինին, ու ասի՝ ինչ եք անում: Արդեն մենք լրիվ քանդում ենք հարկային դաշտը: Առաջին անգամ եմ տեսնում, որ որոշել են հարկային դաշտը տարբերակել ըստ աշխատանքների: Պետք չէ ինձ հակառակում համոզել: Ինչ եք ասում սրանով, ասում եք՝ արտագաղթի: Հոգնե՞լ եք մեզնից: Ո՞նց կարող է նման օրինագիծ մտնի ԱԺ: Մենք դարձել ենք մաֆիոզ ԱԺ»:
Նախագիծը ներկայացնող Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հայտարարեց, որ այն օգուտները, որոնք մենք կստանանք, ավելին են, քան հարկման հորիզոնական կամ այլ տարբերակներով ստացածները. «Իսկ ՌԴ հետ կապված որևէ խնդիր չկա: Մենք ընդամենը դաշտ ենք ստեղծում, որ օրինական ձևակերպում ստանա շինաշխատանքների մեկնողների գործունեությունը, այդ օգուտներից օգտվի նաև ՀՀ-ն»:
Նրա պատասխաններն էլ ավելի բարկացրին Հրանտ Բագրատյանին. «Ուզում եք օգուտ ունենանք, այնպես արեք որ չարտագաղթեն: Ես չեմ կարող ձեր տրամաբանությանը հարիր համարել, ձեր բացատրություններն անընդունելի են: Հիմա արտագաղթողից ենք սկսել եկամտահարկ ստանա՞լ»:
Ու մինչ Վախթանգ Միրոմյանը փորձում էր պատասխանել պատգամավորին, Հրանտ Բագրատյանը բարկացած հեռացավ նիստերի դահլիճից: