Մրցավազք՝ հանուն երեխաների (լուսանկարներ և տեսանյութ)
Մայիսի 3-ին Բուսաբանական այգում տեղի ունեցավ «Run Yerevan 2015»-ը, որն արդեն ավանդույթ դարձած միջոցառում է: Միջոցառման մասնակիցները 5 կմ վազել են Երևանում: Այն խրախուսում է առողջ ապրելակերպն ու Հայաստանի երեխաների համար կազմակերպված օգնությունը: Միջոցառումը ներառեց նաև մանկական վազք` 1 կմ, որին մասնակցեցին փոքրիկներն ու նրանց ծնողները:
Միջոցառումը բարեգործական բնույթ էր կրում: Նպատակը գլխուղեղային կաթվածով հիվանդ երեխաներին օգնելն էր: Այս տարվա միջոցառման կարգախոսն էր ` «Օգնենք երեխաներին ` հանուն լավագույն ապագայի»:
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչները հայտնեցին, որ առաջին անգամ մրցավազքը կազմակերպվել է անցյալ տարի: Տեսնելով, որ հասարակության մեջ այս պահանջարկը կա, կրկին նախաձեռնել են: Նրանք նաև նշեցին, որ ցանկանում են սրանով մշակույթ ձևավորել, որպեսզի կարողանան խթանել առողջ ապրելակերպը վազքի միջոցով:
«Անցյալ տարի 5 երեխայի վերականգնողական կուրս անցկացվեց, այս տարի ակնկալում ենք ավելի շատ, քանի որ մասնակիցները կրկնապատկվել են: Մեզ մոտ գտնվող երեխաները զարգացման այնպիսի փուլում են, որ մեր բոլորիս կարիքն ունեն: Որոշել ենք ստացված հասույթից գնել օրթոպեդիկ կոշիկներ և հաշմանդամների համար նախատեսված հատուկ տեխնիկա, քանի որ նրանց ծնողերն այնպիսի վիճակում են, որ չեն կարողանում դա ձեռք բերել»,-ասաց Նարինե Մանուկյանը:
Մրցավազքին ներկա էին ինչպես մեր համաքաղաքացիներ, այնպես էլ արտասահմանցիներ՝ այդ թվում Հայաստանում Բրիտանիայի դեսպանը, մշակութային ու հասարակական, քաղաքական գործիչներ, մի շարք բարեգործական կազմակերպություններ:
Ողջ միջոցառման ընթացքում ամենատարբեր վիճակում գտնվող երեխաների աչքերը փայլում էին ուրախությունից: Նրանց կողքին էին նաև իրենց համար շատ սպասված և սիրելի Նազենի Հովհաննիսյանն ու Սոֆի Մխեյանը, ովքեր այս երեխաներին վերաբերող ցանկացած առիթով նրանց կողքին են՝ իրենց ժպիտներով, հոգատարությամբ: