Չինաստանի թյուրքերը․ ույղուրներ
Սինցզյան նահանգը գտնվում է Չինաստանի հյուսիս-արեւմուտքում: «Սինցզյան» թարգմանաբար նշանակում է «նոր սահման»: Երկրամասը 1759թ. մտավ Չինաստանի կազմի մեջ: Այնտեղ հիմնականում բնակվում էին թյուրքալեզուներ (ույղուրներ, ղազախներ, ղրղըզներ) եւ մոնղոլներ:
Երկիրը սակավահող է, ուստի ագրարային վերաբնակեցումը միշտ էլ բռնության է հանգեցրել: 1862թ. շրջանում սկսվում է տեղաբնակ թյուրքերի ապստամբությունը, որի արդյունքում տարածքը Չինաստանից առանձնանում է: 1874թ. չինական բանակը ճնշում է մահմեդականների ապստամբությունը:
Վերջին հարյուր տարիների ընթացքում ույղուրներն (ույղուր՝ չինարեն նշանակում է հպատակ) առնվազն երեսուն անգամ ապստամբել են Չինաստանի դեմ: Տեղի անջատողական ուժերը հատկապես մեծ աջակցություն են ստանում Թուրքիայից: Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում բնակվող թյուրքալեզուների թվաքանակի վերաբերյալ հստակ տվյալներ չկան: Ուսումնասիրողներից ոմանք, հատկապես թուրք մասնագետները, նահանգում եւ նրա հարակից շրջաններում իրենց արյունակից եղբայրների թիվը հասցնում են 60-80 միլիոնի, իսկ չինական աղբյուրները խոսում են Չինաստանում բնակվող ընդամենը 15-16 միլիոն ույղուրի մասին:
Սինցզյանի կենտրոն Ուրումչիում մահմեդականների հարձակումները տեղի ոստիկանական ու զինվորական հենակետերի վրա կրում են պարբերական բնույթ։ Չինաստանի զինված ուժերն էլ դիմում են համարժեք գործողությունների։ Էրդողանը քանիցս հայտարարել է, որ իրենց արյունակից եղբայրների նկատմամբ Չինաստանն իրականացնում է ցեղասպանության քաղաքականություն, որ բանակը հրասայլերի թրթուրների տակ ճզմում է անմեղ մարդկանց, այդ թվում կանանց ու երեխաներին․․․ Թրքական իշխանությունները պարբերաբար կոչեր են հնչեցնում չինական ապրանքները բոյկոտելու մասին։ Հաճախ ՄԱԿ-ի եւ տարբեր միջազգային ամբիոններից խոսում են ույղուրներին ավելի լայն ինքնավարություն տալու եւ չինական զորքերը երկրամասից դուրս բերելու մասին։ Թուրք-չինական հարաբերություններում ույղուրական հարցն ունի եւ հավանաբար դեռ երկար ժամանակ ունենալու է առաջնային ու վճռորոշ նշանակություն։ Չինաստանաբնակ թյուրքերի պաշտպանությամբ հանդես են գալիս նաեւ ԱՄՆ-ը, Իսրայելը, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը եւ Պակիստանը։
2015-ի հունվարին պաշտոնական տվյալներով Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի բնակչությունը թիվը կազմեց շուրջ 28 միլիոն մարդ, որից 45%-ը կազմում են թյուրքալեզու ույղուրները, իսկ 40%-ը՝ չինացիներ են: Ույգուրների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է «Համաշխարհային ույղուրական կոնգրես» կազմակերպությունը, որը ձևավորվել է 1992-ին՝ Ստամբուլում։
Հայե'ր, գիտե՞ք, որ.ֆեյսբուք