Տատիկս գորգի մեջ փաթաթված լսել է, թե ինչպես են սպանում իր հարազատներին.Մարգարիտա Սիմոնյան
RT-ի գլխավոր խմբագիր հայազգի Մարգարիտա Սիմոնյանը, ով Ռուսաստանում աշխատում է որպես լրագրող, պատմել է, թե ինչպես են սպանել իր հարազատներին:
«Ինձ համար Հայոց ցեղասպանության շատ անձնական պատմություն է: Իմ երկու տատիկները հրաշքով են փրկվել այդ ողբերգությունից, իսկ եթե նրանք չլինեին, չէր լինի նաև մեր ընտանիքը: Առաջին տատիկիս անունը Նարտուհի Նարցիսյան է եղել, ով ինձ խնամել է մինչև 8 տարեկանը, այնպես որ մենք բավականին երկար ժամանակ ենք անցկացրել միասին: Կոտորածների ժամանակ նրա աչքի առաջ դաժանաբար սպանել են ընտանիքի անդամներին. գլխատել են քույրերին, եղաբայրներին, ծնողներին: Ողջ է մնացել Նարտուհին և իր կրտսեր քույրը: Նրանց երկուսին էլ թուրքերը վերցրել են: Քույրերը մեծացել են թուրքական ընտանիքում, այնուհետև, կարողացել են գտնել իրենց մեծ տատին և փախել Ղրիմ:
Անողոք ճակատագիրը նրան հետապնդել է նաև Ղրիմում: Տատիկս մինչև կյանքի վերջ ադպես էլ չի կրթվել, սակայն դրանով հանդերձ, շատ իմաստուն մարդ է եղել: Երկրորդ տատիկս Ցեղասպնության ժամանակ 5 տարեկան է եղել: Երբ թուրքերը նրանց տուն են մտել, տատիկիս ծնողները գորգի մեջ փաթաթել են նրան ու պատին մոտեցրել, և թուրքերը նրան այդպես էլ չեն նկատել: Այդ ողջ ընթացքում նա լսել է, թե ինչպես են սպանում իր հարազատներին:
Թուրքերի գնալուց հետո, տատիկս մի քանի օր շարունակել է մնալ գորգի մեջ, այդպես նա փրկվել է և պահպանվել մեր ցեղը: Ինձ համար նշանակություն չունի այն, որ մի շարք պետություններ փորձում են ապացուցել, որ Ցեղասպանություն չի եղել: Ինձ համար բավական է այն, որ պատահել է իմ հարազատների հետ, և ես միշտ հիշելու եմ այն»,-ասել է Մարգարիտան: