Ումի՞ց են խաբվել և ո՞ւմ են խաբել հայտնի մարդիկ. բացահայտման հետքերով

Ապրիլի 1-ին ողջ աշխարհը նշում է որպես Երգիծանքի և հումորի օր: ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ՝ ապրիլի մեկը պետականորեն ճանաչվել է որպես Հումորի և երգիծանքի պաշտոնական օր:
Արդյո՞ք երգիծանքի և հումորի ապրիլմեկյան տոնն ունի ֆրանսիական, անգլիական, մեքսիկական, թե՞ այլ ծագումնաբանություն, ցավոք սրտի հայտնի չի: Ռուսաստանում այն անվանում են День Смеха, Անգլիայում՝ April Fools' Day կամ Fool’s Day (բառացի՝ Հիմարների Օր):
Բոլոր ժամանակներում էլ որակյալ հումորն ու երգիծանքը եղել են զորեղ միջոց ինչպես հասարակական-մշակութաբանական բազմաթիվ խնդիրների, այնպես էլ առօրյա-կենցաղային հոգսերի հաղթահարման կամ գոնե մեղմացման համար: Սակայն իրականում ապրիլի 1-ին՝ երգիծանքի և հումորի տոնին, շատ դժվար է որևէ մեկին խաբել: Բոլորի մոտ անվստահության և զգուշության ռեֆլեքսներն աշխատում են կրկնակի զգոնությամբ: Եվ եթե Ձեզ հաջողվել է երգիծանքի և հումորի ապրիլմեկյան տոնին խաբել որևէ մեկին, ապա իսկապես գովեստի եք արժանի:
Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց հայտնի մարդկանց հետ՝ իմանալու համար, թե արդյոք ապրիլի մեկին իրենց կարողացել են խաբել և որքանո՞վ է նրանց հաջողվել խաբել մյուսներին:
Սամվել Գրիգորյան-Ապրիլի մեկն ինձ համար հումորի օր է: Ես օրը հումորով եմ անցկացնում, սակայն չեմ փորձում խաբել մարդկանց, որպեսզի ավելորդ սթրեսի մեջ չգցեմ նրանց: Ուրիշներին էլ չի հաջողվել ինձ խաբել: Կարող եմ նշել, որ այսօր կարդացի, որ Ալիևն է մահացել, և ի տարբերություն մյուս դեպքերի՝ ցավ չապրեցի, հետո հիշեցի, որ ապրիլմեկյան կատակ է:
Սոնա Շահգելդյան-Ամենահաջողված սուտն այն է եղել, որ ես ամուսնացել եմ և երեխայի եմ սպասում: Դա, իհարկե սուտ է, բայց հաճելի, որը շուտով Աստծո կամոք կիրականանա: Երբ սուտը չափի մեջ է և գեղեցիկ, ապա ընդունելի է իմ կողմից: Ես ինքս կատակասեր մարդ եմ, և ամեն օր, ամեն վայրկայն, ամեն տեղ ես կատակում եմ, ոչ թե միայն ապրիլի 1-ին: Ինձ չեն կարողանում խաբել, ես միանգամից հասկանում եմ:
Հովհաննես Բաբախանյան-Ապրիլի 1-ին ընտանիքում նշվում է նաև ծնողներիս ամուսնության օրը, ու մայրս ամեն անգամ կես կատակ կես լուրջ, ասում էր.«Քանի որ խաբելու օրն եմ ամուսնացել, ամբողջ կյանքս խաբված մնացի», ես էլ որոշում էի՝ ամեն անգամ ստել հորս ու մորս: Նվերներ էի պատրաստում մեկի անունից մյուսի համար: Ամեն անգամ այնպիսի վարպետությամբ էի ստում, որ մինչև վերջին տարիները հավատում էին: Հետո, իհարկե բացահայտվում էր սուտս, բայց կարևորն ապրիլմեկյան տրամադրությունն էր, որ ծնվում էր իմ անվնաս ու նվերներով լեցուն ստից:
Նանա- Ապրիլի 1-ին ինքնին ուրախ ու դրական օր է: Սովորաբար ինձ չեն կարողանում խաբել: Միայն մեկ դեպք կարող եմ պատմել. ընկերուհս զանգահարեց ու ասաց, որ ամուսնանում է, բայց ես չհավատացի՝ մտածելով, որ խաբում է, բայց ինչպես հաջորդ օրը պարզվեց՝ ընկերուհիս իսկապես ամուսնացել էր:
Դավիթ Ֆահրադյան-Ապրիլի 1-ի՝ հումորի օրվա հետ կապված, իմ վերաբերմունքը դրական է: Մեր հասարակության մեջ առհասարակ ընդունված է անվանել ոչ թե հումորի, այլ խաբելու օր: Երբ ինձ ցանկանում են խաբել և անակնկալի բերել ես այդ ամենին վերաբերվում եմ հումորով: Մի անգամ, երբ շտապում էի շտապում էի մարզումների, ուսանողներն ասացին մեր երեխաներից մեկը կոտրել է ոտքը: Ես իսկապես հավատացի և շտապեցի տեսնել, թե ինչ է պատահել բայց պարզվեց, որ ուսանողներս չուզենալով դաս անել՝ անակնկալի բերեցին: Դասը չտապալվեց ,բայց անցավ ավելի լավ տրամադրությամբ:
Նարեկ Մակարյան- Ես խաբել չեմ սիրում, բայց ապրիլի 1-ին կարելի է:Ուսանող ժամանակ մայրիկիս խաբել եմ, և ասել, որ ամենակարևոր ստուգարքից կտրվել և դուրս եմ մնացել Կոնսերվատորիայից: