Լարվել են Կոտայքի մարզպետի և Արթուր Հարությունյանի՝ Պալաչի փոխհարաբերությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովոտդի» տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի և «Աբովյան» հեռուստաընկերության սեփականատեր, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի փոխհարաբերությունները վերջին շրջանում լարվել են:
Ըստ նույն լուրերի՝ Հարությունյանը ցանկացել է, որ Աբովյանի հեռուստաընկերությունը գտնվի իր վերահսկողության տակ, սակայն մինչ օրս այդ գործը «վստահվել» էր Պալաչին: Արդյունքում Կոտայքի մարզպետարանը սկսել է իր ձեռքի տակ եղած միջոցներով դժվարացնել հեռուստաընկերության աշխատանքները:
Մասնավորապես, մարզպետարանի կողմից կազմակերպված միջոցառումների մասին հեռուստաընկերությանը ոչ մի տեղեկություն չի տրամադրվում և այսպես շարունակ: Երեկ «Ժողովուրդը» փորձեց լուրերի առնչությամբ կողմերից մեկնաբանություն ստանալ: Նշված հեռուստաընկերության լուրերի բաժնի ղեկավար Արմեն Դավթյանն ասաց, որ իրենք իրենց տեսակետն արդեն հայտնել են հաղորդումներում:
Իսկ Կոտայքի մարզպետարանի լրատվության վարչության պետ Արմեն Օհանյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց, որ իրականում նման բան չկա, մարզպետը բազմիցս համագործակցության կոչ է արել. «Լինում են դեպքեր, որ համաձայնեցման խնդիր է լինում, յուրաքանչյուր ճշտումից հետո, ես անձամբ եմ իրենց տեղյակ պահում նման միջոցառումների մասին»»:
Առավել մանրամասն՝«Ժողովուրդ» թերթի ասյօրվա համարում: