Հայաստանը գրեթե ամբողջովին կորցրել է ռուսաստանյան շուկան. պատգամավոր
«168 ժամ» թերթը գրում է. ««168 ժամ» թերթը զրուցել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «ՄԱՊ» ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանի հետ:
Պարոն Պետրոսյան, ինչպես եք գնահատում Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակը:
Ներկայում Հայաստանը գրեթե ամբողջովին կորցրել է ռուսաստանյան շուկան: Հիմնական պատճառն այն է, որ ռուսական ռուբլին արժեքզրկվել է գրեթե 100 տոկոսով, այսինքն՝ մեկ դոլարի գինը 30-ից դարձել է 60 ռուբլի, իսկ ՀՀ-ում դրամի արժեզրկումը 20 տոկոսի չափով է: Մեր պետությունը չի կարող այս մեծ տարբերության պայմաններում ռուսական շուկա ապրանք արտահանել: Այսինքն՝ այն ինքնարժեքով, որ մենք ՀՀ-ում ապրանք ենք արտադրում, այդ ինքնարժեքն արդեն անընդունելի է Ռուսաստանի համար՝ կապված իրենց փոխարժեքի հետ:
Ի՞նչ պետք է անեն հայ արտադրողները, երբ կփոխվի իրավիճակը:
Արտադրողները չեն կարող հենց այս պահին ինչ-որ բան անել: Պետք է նստեն-սպասեն, մինչև Ռուսաստանում տնտեսությունը լավանա, ռուբլին ուժեղանա, բայց դա կարող է տևել 3-5 տարի, իսկ ինձ չի թվում, թե այս ընթացքում ՀՀ-ում որևէ կազմակերպություն, որի ամբողջ գործունեությունը կապված է ՌԴ-ի հետ, ապրանքի 90 տոկոսն արտահանում է ռուսական շուկա, կարող է երկար դիմանալ: Ինքը չի կարող դիմանալ, կոչնչանա»:
Առավել մանրամասն՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: