Ստեփանակերտի հոսպիտալում գտնվող Գոռ Դարմանյանի վիճակը դեռ ծանր է
Ինչպես հայտնել էինք, մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա, որի հետևանքով զոհվել էին ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), 1995թ. ծնված Սամվել Սասունի Հակոբյանը: Պաշտպանության բանակի ևս 3 զինծառայող վիրավորվել էր:
Վիրավոր զինծառայողներից Գոռ Հրաչի Դարմանյանի առողջական վիճակի և այլ մանրամասների մասին տեղեկություններ իմանալու նպատակով Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց Թալինի քաղաքապետի հետ:
«Գոռ Դարմանյանի առողջական վիճակն այս պահին ծանր է: Գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում»,-ասաց Սարգիս Արամյանը:
Քաղաքապետը նշեց, որ Գոռը ծնվել և մեծացել է Թալինում, հոյակապ, խելացի երեխա է: Ունի իրենից մեծ մեկ քույր:
Գոռը սովորում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի առաջին կուրսում:
Հիշեցնենք, որ Դարմանյան Գոռի ազդրն ամպուտացիայի է ենթարկվել:
Operativ.am-ն առողջություն է մաղթում զինծառայողին: