Լավ է չասացիք՝ «Երևան Սիթի»՝ ամենաէժան գները տարածաշրջանում՝ գումարած երկու լավաշ. Նիկոլ Փաշինյան
ԱԺ մարտի 26-ի նիստին ՏՄՊՊՀ 2015թ. գործունեության վերաբերյալ մտքերի փոխանակման փուլում ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորը խոսեց ԱԺ մարտի 25-ի՝ շաքարավազի գների վերաբերյալ իր բերած փաստարկներից ու հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի անհամաձայնությունից, թե գներն անհամեմատ ավելի ցածր են:
«Լավ է չասացիք՝ «Երևան Սիթի»՝ ամենաէժան գները տարածաշրջանում՝ գումարած երկու լավաշ: Անձնագիրն էլ հետը բերեք ու ամեն ինչ լավ կլինի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Բոլորին է հայտնի, որ շաքարավազի մոնոպոլիան պատկանում է ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ով, պարո'ն Շաբոյան, Ձեր ասած 369 դրամով ոչ միայն իր խանութում է վաճառում, այլև տալիս է մանր ու միջին խանութներին: Այս խանութները ստիպված հինգ-տասը տոկոս էլ վրադիր պետք է սահմանեն, որ կարողանան շահույթ ունենալ ու արդյունքում, մինիմում սահմանելով 395 դրամ շաքարավազի կգ-ն: Սակայն, այս խանութներն ունեն մրցակից՝ ի դեմս «Երևան Սիթի»-ի, որն ավելի էժան է վաճառում: Ի՞նչ է սա, եթե ոչ գերիշխող դիրքի չարաշահում: Հակամրցակցությունն էլ ո՞նց է լինում, պոզով-պոչո՞վ է լինում: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ «Քարֆուր»-ում ու «Երևան Սիթի»-ում շաքարավազը վաճառում են նույն գնով: Պահ կար, որ «Քարֆուր»-ը գալիս էր, հետո չէր գալի, հետո նորից գալիս էր, էլի չէր գալիս ու մեկ էլ եկավ: Իսկ պատասխանն այն հարցին, թե ինչու է նման գնով վաճառվում շաքարավազը, պատասխանը միայն մեկն է. որովհետև նախապես համաձայնեցվել է ամեն ինչ, որ «Քարֆուր»-ի մուտքը Հայաստան թույլատրվում է մի պայմանով, որ վերջինս շաքարավազ չի ներմուծի Հայաստան, փոխարենը, «ախպերագնով» շաքարավազ կտան «Քարֆուր»-ին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը շեշտեց նաև, որ հենց այս ամենն է նշանակում հակամրցակցային համաձայնություն: