Կլոպ. Չի կարելի ասել, որ միայն Միկին շատ վատ հանդիպում անցկացրեց
Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր մեկնաբանությունն է տվել Հենրիխ Մխիթարյանի` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Յուվենտուսի» հետ պատասխան հանդիպմանը ցուցադրած խաղի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Բորուսսիայի» մեկնարկային կազմում էր, իսկ երբ 63-րդ րոպեին փոխարինվեց, երկրպագուների մի մասը սուլոցներով ճանապարհեց նրան:
-Անկեղծ ասած` կարծեցի, թե երկրպագուները ինձ են սուլում ֆուտբոլիստին փոխարինելու համար: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը բարդ շրջաններ է ունեցել: «Յուվենտուսի» դեմ նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլ չցուցադրեց, ես ևս դա նկատեցի: Սակայն շատերն էլ բարձր մակարդակով չխաղացին: Չի կարելի միայն Միկիին վերցնել և ասել, որ նա շատ վատ հանդիպում է անցկացրել: «Յուվենտուսի» հետ խաղում ոչ ոք էլ չփայլեց,-Կլոպի խոսքը մեջբերված է գերմանական մամուլից:
Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած խաղում «Յուվենտուսը» հաղթեց 3:0 հաշվով և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ: Թիմերի միջև կայացած առաջին խաղում ևս հաղթել էին թուրինցիները (2:1):