Ո՞րն է ՀԱԿ-ի «հանճարեղ պլանը»
«Առավոտ» թերթը գրում է. «Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Կիրակի օրը հնչեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական ելույթը: Ելույթի հիմնական թեման, իհարկե, ուղերձներն էին, որոնց հասցեատերերը Տեր-Պետրոսյանի հետ անհամաձայնություններ ունեցող ընդդիմադիրներն են:
«Դավալուից ցախավելը հեծած [ուղերձ՝ Արամ Զավենի Սարգսյանին-Ա. Ա.], 1+1 քայլերգը շուրթերին (Նիկոլ Փաշինյանին-Ա. Ա.]. Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ հասնել Ազատության հրապարակ [«Ազատ դեմոկրատներին» և Հայրիկյանին-Ա. Ա.], ինքնահռչակվել որպես նոր բևեռ և ստորագրել Քաղաքացիական պայմանագիրը [դարձյալ Նիկոլ Փաշինյանին-Ա. Ա.] և շարժվելով դեպի Բաղրամյան 26՝ կյանքի կոչել 100-ամյակն առանց ռեժիմի կարգախոսը [Ժիրայր Սեֆիլյանին-Ա. Ա.]: Սա Բեռլինի գրավումից ավելի հանճարեղ պլան է»,- նշել է առաջին նախագահը:
Ասված է սրամիտ, կծու սարկազմով:
Բայց՝ ընդունենք, որ առաջին նախագահի հեգնանքն ամբողջությամբ տեղին է, ՀԱԿ-ից դուրս Հա-յաստանում ընդդիմություն չկա, և բացի Կոնգրեսի անդամներից՝ բոլոր մնացած ընդդիմադիրների ասածները անհեթեթություններ են: Ո՞րն է հապա ՀԱԿ-ի «հանճարեղ պլանը»: 2008 թվականի ընտրություններից հետո ոչ մի ծրագիր չկար մինչև 2011 թվականի աշունը, որից հետո ծրագիրը՝ ծնվեց:
Դրա էությունը հետևյալն էր՝ օլիգարխիայի մի մասին տապալել օլիգարխիայի մյուս մասի միջոցով: Այդ պլանը, իմ կարծիքով, նույնքան անհեթեթ էր, որքան Դավալուից ցախավելով թռչելը: Ձախողվելու դեպքում [ինչն ավելի հավանական էր] դա կբերեր իշխանության դիրքերի ամրապնդման և քաղաքական ռեժիմի կարծրացման:
Հաջողելու դեպքում [որը պակաս հավանական էր] դա պիտի բերեր մի օլիգարխիկ խմբի՝ մյուսով փոխարինմանը՝ նույն մտավոր և բարոյական որակներով: Այդ դեպքում նույնպես ավազակապետությունը ինչպես կար, այդպես էլ կմնար իր տեղում: Մարդափոխությունը իշխանափոխություն չէ»,–գրում է թերթի խմբագիրը»։
Առավել մանրամասն՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: