ՀՀԿ-ի հեռուստաալիքը, դեռ եթեր դուրս չեկած, անվանափոխվել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության հեռուստաալիքը, դեռ եթեր դուրս չեկած, անվանափոխվել է: Շաբաթվա վերջին հաղորդումների ցանկի, աշխատակիցների օրակարգի և այլ հարցերի հստակեցման հետ մեկտեղ քննարկման է դրվել հեռուստաընկերության անվանումը և որոշում է կայացվել այն անվանել ոչ թե «Հայք», այլ՝ «Արարատ»:
Մեր տեղեկություններով, հեռուստաընկերությունը եթերում կլինի մարտի 15-ից, իսկ աշխատակիցները մարտի 2-ից արդեն աշխատանքի են գնում: Նրանք հիմնականում երիտասարդներ են, ՀՀԿ հեռուստաընկերության շարքերն են համալրվել ԲՀԿ-ի «Կենտրոն» հեռուստաընկերությունից օրերս կամայականորեն հեռացված որոշ լրագրողներ:
Հեռուստաընկերությունը տեղակայված է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, մասնավորապես՝ այն տարածքում, որտեղ սովորաբար ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը բրիֆինգ է տալիս ՀՀԿ նիստերից հետո:
Մեր աղբյուրները հայտնեցին նաև, որ «Արարատի» աշխատակիցների համար նոր տեխնիկա է գնվել, իսկ որոշ մասով էլ նրանք կօգտվեն «Արմենիա» հեռուստաընկերության տեխնիկայից:
Հեռուստաընկերության գործունեության պատասխանատվությունը դրված է Արման Թերջանյանի վրա, ով եղել է «Արմնյուզի» գործադիր տնօրենը: ՀՀԿ-ականները մտադիր են նոր հեռուստաընկերությունում շեշտադրումը դնել պատմամշակութային, գաղափարախոսական, ժողովրդական, ազգային հաղորդումների վրա:
Առաջիկայում ուշադրության կենտրոնում կլինեն Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները: Ապագայում, իհարկե, կլինեն նաև քաղաքական հաղորդումներ, թոք-շոուներ, «Արարատը» կօգտագործեն ընտրություններին ընդառաջ և դրանց համար»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում