Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համահայկական հռչակագրի քննադատության հերթական կրկնությունը
Մի կողմ թողնելով Տեր-Պետրոսյանի այսօրվա ելույթում կրկին ազգի, ժողովրդի փրկչագործության մասով շարունակ արվող «ինքնահղումները», հակասական ու տարօրինակ է հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համահայկական հռչակագրի քննադատության հերթական կրկնությունը: Նախ, առնվազն անհասկանալի ու չհիմնավորված են նրա ելույթի այն խոսքերը, որ ցեղասպանության հետևանքների վերացման, պահանջատիրության հարցի առաջադրումը հակասում է միջազգային իրավունքին: Այդ երբվանից, միջազգային իրավունքի ո՞ր փաստաթղթով, ո՞ր կոնվենցիայով է սահմանափակվում ցեղասպանության հետևանքների վերացման հարցը, հակասություն ստեղծում…
Այս ելույթից և նախկին հոդվածներից տպավորություն է, որ Տեր-Պետրոսյանն ընդունում է Թուրքիայի առաջադրած նախապայմանները, առաջարկում է հարցը թողնել Թուրքիայի քմահաճույքին: Այսինքն՝ Անկարայի առաջադրած պայմաններով կարգավորեք հայ-թուրքական հարաբերությունները՝ «իր բոլոր բաղադրիչներով», որից հետո հարցը թողեք հենց Անկարայի ցանկությանն ու քաղաքականությանն այդ ուղղությամբ: Առանց պահանջատիրության, հատուցման պահանջի, մտածեք թուրքական նախապայմաններով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «իրատեսական ու վտանգներից զերծ» հնարավորության մասին, մտածեք ու գործեք համակերպվողի դիրքերից:
Լևոն Հովսեփյան.ֆեյսբուք