Փախստականների հարցը մնացել է անտեր. Գրիշա Օգանեսով
Հայ փախստականների «Ահազանգ» ՀԿ նախագահ Գրիշա Օգանեսովն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով 1988թ.-ին տեղի ունեցած Սումգայիթյան ոճրագործությանը, նշեց, որ մենք միշտ էլ լացուկոծով ենք խոսում Սումգայիթի և Եղեռնի մասին:
«Սումգայիթյան ջարդերի օրը նման վայրագություններ սկսվել էին նաև Կիրովաբադում: Պարզապես Կիրովաբադում կար «Իրան» հայկական թաղամաս, և թուրքերն այդտեղ ոչինչ չկարողացան անել: Դրանից հետո, սկսվեց ջարդը ամբողջ Ադրբեջանում, նաև Կիրովաբադում և այդ ինքնապաշտպանության խումբը, որ ստեղծվել էր, կարողացավ պաշտպանել: Այդ խումբը մոտ 1200 ընտանիք կարողացավ բնակելի շենքերից հայերին տեղափոխել հայկական թաղամաս: Հենց այդ ժամանակից էլ սկսվել էր հայ փախստականների խնդիրը: Առաջին փախստականներին ընդունել ենք Կիրովաբադում»,- նշեց Գրիշա Օգանեսովը:
Անդրադառնալով Փախստականների խնդրին, բանախոսը նշեց, որ փախստականների ինտեգրացումը դարձել է ոչ թե իսկական, այլ միայն փաստաթղթերով:
«Հայաստանի իշխանությունները որոշեցին, որ նրանք մեր հայերն են և կարելի է անձնագիր տալ: Միայն Երևան քաղաքում կա 1000 ընտանիք, ովքեր ապրում են հանրակացարաններում ՝ ծանր պայմաններով: Ժամանակին կար ծրագիր,որ փախստականներին կապահովեին տներով, բայց այդ հարցը այդպես էլ մնաց անտեր:
Սկսած սովետական միության ժամանակներից, փախստականների հարցի շուրջ Հայաստանը և Ադրբեջանի հանձնաժողովները հանդիպում էին Մոսկվայում: Բայց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այս հարցը մինչև օրս այդպես էլ մնաց օդի մեջ»,-եզրափակեց բանախոսը:
Նունե Խաչատրյան