Ինչո՞ւ է նվազել Հայաստան ուղարկված մասնավոր ոչ առևտրային փոխանցումների ծավալը
Այս տարվա հունվարին Հայաստան ուղարկված մասնավոր ոչ առևտրային փոխանցումների ծավալը (զուտ ներհոսքը) կազմել է 37 միլիոն դոլար: Անցած տարվա հունվարի համեմատ՝ այս ցուցանիշը նվազել է ավելի քան 50 տոկոսով: Սրանք այն փոխանցումներն են, որոնք հասնում են մեր պարզ քաղաքացիներին, ու որոնք ուղարկվում են հիմնականում արտագնա աշխատուժի կողմից: Պարզ ասած՝ սրանք մեր հանրապետության բնակչության մեծ մասի գոյատևման համար անհրաժեշտ գումարներն են, ու հիմա փաստորեն այս նվազումը վկայում է, որ մեր հազարավոր քաղաքացիների կյանքը բարդանալու է 50 տոկոսով: Եթե նույնիսկ ոչ մասնագիտական վերլուծության ենթարկենք, ապա պարզ կդառնա, որ մասնավոր այդ տնանսֆերտները նվազելու էին և դա սպասելի էր: Սակայն, որ
այդ նվազումը կլինի այսպիսի չափերի, նույնիսկ ամենահոռետեսական գնահատականներում չէր նշվում: Սա արդեն ոչ միայն լուրջ ահազանգ է, այլև կարող է իրավիճակը հասցնել ռազմավարական կարևորության:
Բանն այն է, որ ՀՀ սահմաններից դուրս ապրող և աշխատող մեր հայրենակիցների Հայաստան ուղարկած գումարները հսկայական ազդեցություն են թողնում մեր սոցիալ-տնտեսական վիճակի վրա, ավելին, մասնավոր տրանսֆերտների տարեկան ծավալը համեմատելի է ՀՀ պետական բյուջեի հետ, և հայաստանյան տասնյակ և նույնիսկ հարյուր հազարավոր ընտանիքների ապրուստի միակ միջոցն է։ Տրանսֆերտների այսպիսի նվազումը հանգեցնում է այդ ընտանիքների աղքատացմանը, նվազեցնում բնակչության գնողունակությունը և շուկայի ընդհանուր պահանջարկը:
Ի դեպ, ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ մասնավոր տրանսֆերտների ծավալը պետք է նվազեր միայն 30 տոկոսով, և ԿԲ-ն իր դրամավարկային քաղաքականությունը կառուցել է հենց այսպիսի սպասումների վրա: Հունվարի ցուցանիշը ցույց է տալիս, որ իրականությունը երկու անգամ ավելի վատն է, քան ԿԲ-ն կանխատեսել էր:
Գևորգ Գրիգորյան