Ադրբեջանահայերը սկսել են հումոր անել, որ իրենք էլ սփյուռքահայ դարձան. Էլյանորա Ասատրյան
«Ադրբեջանահայ փախստականների խնդիրն այսօր ունի կարևորագույն նշանակություն: Եվ այս խնդրի վերաբերյալ մեր հույսը չպետք է դնենք այլ պետությունների գնահատականների վրա, այլ, այս խնդիրը պետք է դրվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային սեղանին»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս խնդրին անդրադարձավ, «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլյանորա Ասատրյանը, նշելով, որ պետք է ուշադրություն դարձնել ադրբեջանահայ փախստականների խնդրի քաղաքական բաղադրիչի վրա:
Ըստ Էլյանորա Ասատրյանի՝ 35.000 ադրբեջանահայեր, ովքեր բնակվում են Ղարաբաղի և Շահումյանի տարածքից դուրս, պատասխանում են, որ չեն ցանկանում վերադառնալ նախկին բնակության վայրեր: Մարդիկ պահանջում են կորցրած հայրենիքի համար փոխհատուցում: «Այս բոլոր ադրբեջանահայերն իրենց խնդրագրերով դիմել են մեր 2 պետությունների իշխանություններին, և խնդրել այս խնդիրը քննարկել այս էտապում, բանակցային սեղանի շուրջ: Եվ պետք չէ պարբերաբար շարունակել, որ փախստականների հարցին կանդրադառնան հարցի կարգավորումից հետո»,- նշում է բանախոսը :
Բանախոսը հանդիպման ընթացքում անդրադարձավ ևս մի կարևոր հարցի, որ ադրբեջանահայերի խնդրով վերջերս սկսվել է զբաղվել նաև Սփյուռքի նախարարությունը:
«Սփյուռքի նախարարությունը, ի՞նչ է նոր սփյուռք է ստեղծելու: Ադրբեջանահայերը սկսել են հումոր անել, որ իրենք էլ սփյուռքահայ դարձան: Նորից խնդիրը դնել սփյուռքի ուսերին, և 70 տարի հետո, նորից 100 ամյակ տոնել: Եղեռնը մեզ դաս չեղավ: Ի վերջո սա մեծ եղեռնի շարունակությունն է»,- վերջում նշեց Էլյանորա Ասատրյանը:
Նունե Խաչատրյան