Սումգայիթը մեզ համար պատմական դաս եղավ. Գևորգ Մելքոնյան
1988 թվականին տեղի ունեցած Սումգայիթյան ոճրագործությունն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման արտահայտման դեմ ուղղված առաջին ոճրագործությունն էր, որը 10-ամյակների ընթացքում էթնիկ զտումների քաղաքականության արդյուքն էր: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պատմաբան Գևորգ Մելքոնյանը՝ հավելելով, որ Սումգայիթը շատ լավ պատրաստված պետական ոճրագործություն էր, այլ ոչ թե պատահական ամբոխի կողմից իրականացված քայլ, ինչպես այսօր փորձվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից ներկայացվել:
Պատմաբանն անդրադառնով ոճրագործության պատմական հետևանքներին, նշեց, որ Սումգայիթյան ոճրագործությունը ցույց տվեց, որ Արցախի չդիմադրելու դեպքում, Արցախին սպասվում է Նախիջևանի հայաթափման ճակատագիրը, Ադրբեջանի կողմից ազգային փոքրամասնությունները, անկախ բարձր կարգավիճակից ենթարկվում են էթնիկ զտումների, և որ Ադրբեջանը լինելով անկախ պետականություն, պատրաստ չէ ընդունել ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքը:
Բանախոսը նաև նշեց, որ Սումգայիթյան ոճրագործությունը տարբերվում է Բաքվի հայերի ջարդերից այն առումով, որ մենք ունենք բավականին մեծ փաստեր՝ դատական սղագրություններ, վկայություններ:
«Սումգայիթը մեզ համար պատմական դաս եղավ այն առումով, որ Սումգայիթից հետո, մենք տեսանք, որ Արցախում ավելի ակտիվացավ կամավորական ջոկատների կազմավորման գործընթացը: Մենք տեսանք, որ Ադրբեջանը խաղաղ ճանապարհով պատրաստ չէ գնալ Արցախի ժողովրդի արդար պահանջին ընդառաջ: Քանի դեռ չդատապարտվեց Սումգայիթյան ոճրագործությունը, դա հանգեցրեց, Բաքվի հայերի և Մարաղայի կոտորածներին: Եվ այսօր էլ մենք որևէ երաշխիք չունենք, որ Ադրբեջանը հնարավորության դեպքում չի կրկնելու սա»,-վերջում հավելեց պատմաբանը:
Նունե Խաչատրյան