Ավետիսյանների ընտանիքի սպանությունը Գյումրիում առաջացրեց տոտալ վախ
Գյումրեցիները կհիշեն: Հունվարի 8-ին Ամանորյա տոնածառի շուռ գալով ինչ որ չարագուշակ ազդակ տրվեց ոչ միայն գյումրեցիներին, այլ նաև ողջ Հայաստանին: Ֆաթալիստական ինչ որ գուշակություններ անել չեմ ուզում, սակայն հունվարի 12-ին Ավետիսյանների սպանդն ու հաջորդած դեպքերը մինչ այսօր, կարծես թե հաստատում են դա: Ու բացի այս, մի այլ տարօրինակ երևույթ էլ կա: Չգիտես ինչու այս տարեսկզբից Գյումրին դարձավ հանրային ու քաղաքական ուշադրության առանցքներից մեկը: Նույնիսկ այնպիսի տպավորություն է, ասես իշխանափոխությունը սկսվելու է Գյումրիից:
Մի կողմից հասկանալի է, Ավետիսյանների սպանդը խառնեց քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտը, առաջացրեց տոտալ վախ, որն այժմ քաղաքում տիրապետող է, մյուս կողմից էլ, հատկապես մեր իշխանությունների մեղմ ասած ոչ հայամետ կեցվածքը սկսած Ավետիսյանների սպանդի հանդեպ ունեցած կեցվածքից, բերեց ամբողջական հիասթափության ու ապատիայի, երբ մարդիկ արդեն համարում են, որ կորցնելու ոչինչ չունեն ու պատրաստ են ցանկացած քայլի: Սա շատ վտանգավոր իրավիճակ է ու այս մասին գիտեն նաև Երևանում:
Երևի դրա համար էլ քաղաքում, թեև առաջին հայացքից աննկատ, սակայն շարունակվում է ոստիկանական ու հատուկ ծառայությունների հատուկ հսկողությունը: Երևի հասկացել են, որ Գյումրիում մարդկանց համբերության բաժակն արդեն լցվել է ու փորձում են հնարավորինս անցնցում իրավիճակ ապահովել: Ամեն դեպքում, քաղաքում առկա է ռուսական զորակայան ու սա էլ երևանյան մեր իշխանավորների համար զգաստացնող հանգամանք է: Այս ամենով հանդեձ, սակայն կա մի նրբություն ևս: Ջուր պղտորողների պակաս կարծես թե չի զգացվում, երբ մարդկանց սոցիալական կարիքները, նույնիսկ վիշտն ու ցավը շատ հանգիստ տրանսֆորմացվում են ելույթների, պիկետների ու վերջում գրանտային փաթեթով մտնում ինչ-ինչ գրպաններ: Սա էժան քայլ է, սակայն և առկա է, ռեալ իրականություն: Ու այս դեպքում արդեն իշխանությունների գործն անչափ շատ բարդանում է:
Գևորգ Գրիգորյան