Ագրարային համալսարանի և ՕԵԿ-ի միջև ծավալված դատական գործընթացը դեռ շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի ագրարային համալսարանի և ՕԵԿ-ի միջև տևական ժամանակ ծավալված դատական գործընթացը դեռ շարունակվում է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ԲՈՒՀ-ի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանից:
«Շինարարական աշխատանքներն իրենք արդեն ավարտել են: Ամեն դեպքում մենք ներս չենք կարող մուտք գործել, որպեսզի տեսնենք, թե ինչ է այնտեղ կատարվում: Տեղեկություններ կան, որ ցանկանում են այդ տարածքը դարձնել նիստերի դահլիճ կամ իրենց նոր հեռուստալիքի՝ Հ3-ի համար ստուդիա»,-ասաց պրոռեկտորը:
Հիշեցնենք, որ ագրարային համալսարանի ղեկավարությունը դատարանում վիճարկում է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշումը, որով Աբոկյան 43-1 և Տերյան 74 հասցեների հատման մասում գտնվող տարածքը երկու սեփականատիրոջ է բաժին հասել:
Համալսարանի տնօրինության պնդմամբ՝ վիճահարույց տարածքը, որն իրենց նախկին ավտոսպասարկման կետն էր, նշված է որպես ԲՈՒՀ-ի սեփականություն:
Ստացվում է, որ նույն տարածքի նկատմամբ սեփականության իրավունք տրվել է և Հայաստանի պետական ագրարային համալսարանին, և ՕԵԿ–ին, բայց մի թույլտվությունը՝ Կառավարության կողմից, մյուսը՝ քաղաքապետարանի՝ ի դեմս նախկին քաղաքապետ, ներկայիս էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի: Այս գործով առաջիկա դատական նիստը նշանակված է մարտի 13-ին»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: