Հայ պատվիրակների բացառիկ «հերոսությունը» ԵԽԽՎ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այս նստաշրջանն առանձնացավ նրանով, որ ոչ մի աղմկահարույց կամ մեզ՝ հայերիս, վերաբերող բանաձևերով ու զեկույցներով չառանձնացավ: Թերևս միակ ուշագրավ հարցը Ռուսաստանին կրկին ձայնի իրավունքից զրկելու հարցն էր:
Հունվարի 28-ին ԵԽԽՎ-ն քվեարկության դրեց ՌԴ պատվիրակության` Վեհաժողովի ղեկավար մարմիններում ու քվեարկություններում մասնակցության իրավունքի չվերականգնման մասին զեկույցը, որը ներկայացվել էր համապատասխան բանաձևի ընդունման համար: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն դեռ անցյալ տարվանից որոշում էր կայացրել՝ զրկել Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից՝ այդպիսով պատժամիջոց կիրառելով Ռուսաստանի հանդեպ, Ուկրաինայի դեպքերի հետ կապված:
Այս նստաշրջանում կրկին դրվեց Ռուսաստանի պատվիրակության՝ ձայնի իրավունքից զրկելու որոշումը պահպանելու կամ նրան երկխոսության իրավունք տալու հարցը: Ուկրաինացի պատվիրակները, բնականաբար, ակտիվորեն աշխատանք էին տանում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պահպանման ուղղությամբ՝ կոչ անելով կողմ քվեարկել: Հայաստանի պատվիրակությունից այդ քվեարկությանը մասնակցել է 3 պատվիրակ՝ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանն ու Նաիրա Կարապետյանը և ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը: Նրանք միաձայն ձեռնպահ են քվեարկել բուն բանաձևին: Բայց, ահա, մինչ բանաձևը, քվեարկության է դրվել նախ Ռուսաստանին ամբողջությամբ ձայնի իրավունքից զրկելու մասին բանաձևի փոփոխության նախագիծը, որին հայ պատվիրակները դեմ են քվեարկել:
Արդյունքում՝ 148 կողմ, 64 դեմ, 6 ձեռնպահ ձայներով անցել է փոփոխության նախագիծը, իսկ վերջնական բանաձևն ընդունվել է 160 կողմ, 37 դեմ, 12 ձեռնպահ ձայներով: Այդ 12-ից 3-ը եղել են մեր պատվիրակության ձայները: Ուշագրավ է, որ բանաձևի ընդունմանը դեմ են քվեարկել ոչ միայն Կիպրոսի, Սերբիայի պատվիրակները, նաև Հոլանդիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Խորվաթիայի պատվիրակների մեծ մասը, Ադրբեջանի բոլոր 6 պատվիրակները: Այսինքն՝ Ադրբեջանը սատարել է Ռուսաստանին՝ չցանկանալով զրկել նրան ձայնի իրավունքից»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: