Գիտության մենեջմենթն անշուշտ կապված է նաև գիտության ոլորտի ֆինանսական ներդրումների հետ
Հաճախ ենք սիրում ամենատարբեր ամբիոններից ու ամենատարբեր առիթներով, հաճախ նույնիսկ` անառիթ կրկնել, որ մենք աշխարհին ներկայանում ենք ինչպես մեր գրագիտությամբ, այնպես էլ գիտությամբ ու լավ կազմակերպված գիտական մենեջմենթ ունենալու դեպքում կարող ենք իրոք լուրջ արդյունքներ ունենալ. սակայն ինչպես և նկատեցիք` լուրջ մենեջմենթ ունենալու դեպքում: Իսկ իրականում, փաստն այն է, որ գիտությունը մեզ մոտ Հայաստանում եթե նույնիսկ դեռ կարելի է համարել ազատ ոլորտ ու այն դասել կյանքի ոչ-տանիքավորված ոլորտների շարքին, այնուամենայնիվ մենեջմենթի առումով կաղալը մեղմ բնորոշում կլինի:
Գիտության մենեջմենթն անշուշտ կապված է նաև գիտության ոլորտի ֆինանսական ներդրումների հետ, որոնք եթե զուտ ֆինանսական բառապաշարով ներկայացնենք` միջնաժամկետ ու երկարաժամկետ ներդրումներ են հանդիսանում: Մեր պետությունն իհարկե նման ներդրումների համար միջոցներ չունի, որովհետև մեզ մոտ բիզնեսը նույնիսկ հիմնված է կարճաժամկետ ներդումներով գերշահույթներ ստանալու տրամաբանության վրա ու հետևաբար` գիտությունը որպես բիզնեսի մաս ու խելացի մենեջմենթով ղեկավարվող ոլորտ Հայաստանում կարելի է ասել երկրորդ պլանում է, կամ լավագույն դեպքում աչքակապուկ` երկու հարյուր միլիոն տարեկան ֆինանսական հատկացմամբ:
Մինչդեռ հատկապես նոր սերնդի երիտասարդ գիտնականները կարիք ունեն լուրջ ֆինանսավորման, ու նոր սերնդի երիտասարդ գիտնականներն են, որ պետք է ապահովեն Հայաստանյան գիտական մտքի սերնդափոխությունն ու ինչ որ տեղ նաև պահպանեն այն բարձունքները, որոնք Հայաստանյան գիտությունն ունեցել է խորհրդային տարիներին: Այստեղ կա երկու ճանապարհ` կամ ավելացնել ֆինանսավորումը երկրի ռեսուրսների հաշվին, կամ ապահովել հնարավորինս պարզ մեխանիզմները` երիտասարդ գիտնականների համար միջազգային ասպարեզում գործող ամենատարբեր ծրագրերին մասնակցելու ու ներգրավվելու համար:Այլապես ուղղակի կգա մի օր երբ մենք իսկական գիտնականի սով կունենանք:
Գևորգ Գրիգորյան. ֆեյսբուք