Պերմյակովին կամ ցմահ բանտարկություն է սպասվում, կամ էլ սպիտակ մահճակալ՝ հոգեբուժարանում. Ահարոն Ադիբեկյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը խոսեց Գյումրիում կատարված դեպքերից և դրանց ազդեցություններից: Սոցիոլոգը փաստեց, որ ՌԴ մամուլի հրապարակած նյութերի վերլուծությունը ցույց է տվել, որ ՌԴ-ն դեպքերին չի մոտեցել հակահայկական կամ հակառուսական տրամադրություններով, փոխարենը մոտեցել է սառնասրտորեն կարծեսˋ սա հասարակ հանցագործություն էր:
«Մինչև հիմա դեռ հստակ պատասխան չկա, թե ինչու Պերմկայովն այդպես վարվեց, փոխարենը կան մի շարք վարկածներ: Իմ գործընկեր Գեորգի Ֆոլարովի կարծիքով՝ այս հանցագործության մեջ սատանիստական ձեռագիր կա, որը հատուկ է սատանիստական աղանդավորների գործողություններին: Հնչել է նաև այնպիսի վարկած, որ Պերմյակովը գործի հետ կապ չունի»,-նշեց սոցիոլոգը:
Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության բանակինˋ բանախոսն ընդգծեց, որ ՌԴ զորամասերում տարեկան կտրվածքով 50 հազար հանցագործություն է կատարվում, որոնց 10 %-ը հարբածության հետևանքով է: Ըստ սոցիոլոգիˋ նման դեպքերից բոլորովին խուսափելն անհնար է, փոխարենը կարելի է ավելի զգոն լինել, դրանք կանխելու համար:
Վարդուհի Ստեփանյան