Իսլամի և քրիստոնեության բախումը ծառայում է մեծ տերությունների շահերին. Ալեքսանդր Ամարյան
Դրսի աշխարհում կրոնական պատերազմ չկա: Բախումները քաղաքական հողի վրա են կատարվում, այլ ոչ թե կրոնական: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով աշխարհում կրոնական անհանդուրժողականության աճից, հայտնեց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների և վերականգնողական կենտրոն»-ի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը:
«Շատ հեռու չգնալու համար, դիտարկենք Ֆրանսիայում կատարվող դեպքերը: Սա կրոնական դրդապատճառ չուներ: Դրա նպատակն այն է, որ Եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն կարողանան Սիրիա ներխուժել: Հարձակումները նպատակ ունեն ժողովրդին վախի մթնոլորտի մեջ պահել, որովհետև երբ ժողովուրդը վախի մեջ է, նա պատրաստ է ընդունել պետության առաջարկած ցանկացած որոշում, որը կհավաստի, որ դա բխում է նրանց իսկ ապահովությունից»,-նշեց բանախոսը:
Ըստ բանախոսի` ներկայումս իսլամի և քրիստոնեության բախումը ծառայում է մեծ տերությունների շահերին, քանի որ ոչ իսլամը, ոչ քրիստոնեությունը իրար մեջ կիսելու բան չունեն: Անդրադառնալով այն հարցին, թե ինչ պետք է անեն այս դեպքում մեծ տերությունները, բանախոսը նշեց, որ նրանց խնդիրը նախևառաջ պետք է լինի պարզել, թե ում է ձեռնտու այդ ահաբեկչությունը և ինչու, այլ ոչ թե մտածել որ սրանք պարզապես բախումներ են կրոնական հողի վրա: