Եթե մի կամ երկու շաբաթ այս սովորությանը մնանք, ապա դժվար թե հետ վերադառնանք հին գներին. Թևան Պողոսյան
Կարծում եմ, որ դոլարի կուրսն աստիճանաբար կկարգավորվի, իսկ գնաճը, որքան էլ կառավարությունը որոշակի մեխանիզմներով փորձի զսպել, միևնույն է մենք գնաճ ունենալու ենք: Եթե մի կամ երկու շաբաթ այդ սովորությանը մնանք, ապա դժվար թե հետ վերադառնանք հին գներին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով դրամ-դոլար փոխարժեքի և շուկայում նկատվող թանկացումների մասին, նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Այս ամենի պատճառը նաև միջազգային շուկայում տեղի ունեցածի արդյունքն էր: ԱՄՆ-ն իր քաղաքականության մեջ սահմանափակեց դոլարի ներհոսքը միջազգային շուկա: Երկրորդ` բոլոր այն խնդիրները, որ ՌԴ-ն սանկցիաներից հետո սկսկել է իր վրա կրել, ի վերջո բերեց այն խնդրրներին, որ Հայաստանի համար ամեն տարի սպասվող տրանսֆերտների մեծ գումարը չհասավ շուկա: Երրորդ խնդիրն էլ այն է, որ Հայաստանի իշխանությունները պետք է կարողանան համապատասխան արձագանքների պատրաստ լինել, որպեսզի սրանից հետո նման դեպքեր չկրկնվեն»,-նշեց բանախոսը:
Պատգամավորն ընդգծեց նաև սպեկուլյացիաների մեջ ներգրավվածների պատժվելու անհրաժեշտությունը՝ դաս կլինի մնացածի համար: Իր խոսքում պատգամավորը կարևորեց նաև ՀՀ կառավարության դիրքորոշումը` նկատելով, որ վերջինս պետք է ակտիվ լինի ու թույլ չտա, որպեսզի վերջին օրերին գրանցված խուճապի վիճակը կրկնվի:
Վարդուհի Ստեփանյան