500 միլիոն դրամը չի բավարարել պաշտոնյաների գործուղումների համար
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մինչ Ամանորի նախաշեմին դրամի կտրուկ արժեզրկման և սոսկալի գնաճի հետևանքով հասարակությունը հայտնվել է խուճապի մեջ, իշխանություններն ավելացնում են պաշտոնյաների գործուղումների համար բյուջեով նախատեսված ծախսերը:
Կառավարության երեկվա նիստում որոշվել է 30 միլիոն դրամով ավելացնել պաշտոնյաների այս տարվա արտասահմանյան գործուղումների համար հատկացված գումարը:
Բանն այն է, որ այս տարվա պետական բյուջեով գործուղումների համար հատկացվել է 500 միլիոն դրամ, որի զգալի մասը՝ 494.5 միլիոնն արդեն ծախսվել է: Ու հիմա, փաստորեն, պարզվել է, որ ևս 30 միլիոնի կարիք կա, ինչն էլ վճարվելու է մեր գրպանից:
Նկատենք, որ բյուջեից լրացուցիչ գումարներ վճարելու փոխարեն իշխանությունները ճիշտ կանեին, եթե սահմանափակեին գործուղումների ծախսերը:
Օրինակ՝ անհամար ճամփորդությունների մեկնելու համար գնեին ոչ թե բիզնես, այլ էկոնոմ կարգի ավիատոմս, որը շատ ավելի էժան է կամ էլ՝ որոշ նախարարներ շրջագայեին առանց թիկնապահների, այդպես ևս կարելի է գումար խնայել»:
Առավել մանրամասն՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: