Եթե ՌԴ-ն մտնում է տնտեսական ճգնաժամի շրջան, ապա Հայաստանը չպետք է հույսը դնի Մոսկվայի օգնության վրա
«168 ժամ» թերթը գրում է. «Եթե այսօր Ռուսաստանը մտնում է տնտեսական ճգնաժամի շրջան, ապա Հայաստանը չպետք է հույսը դնի հատուկ դիվիդենտների և Մոսկվայի օգնության վրա: Պետք է սթափ նայել աշխարհին և նոր ժամանակներին: Պետք է հասկանալ այն խնդիրները, որոնց Ռուսաստանը բախվել է իր ղեկավարության պատճառով, և ինչպիսի դժվարին ճանապարհ պետք է անցնի Ռուսաստանը, որպեսզի դուրս գա փակուղուց:
Քաղաքականությունն այսօր պետք է կառուցել սթափության ու իրականության ադեկվատ գնահատականի վրա»,- մեր թղթակցին ասել է Բրուքինգսի ինստիտուտի (Վաշինգտոն) առաջատար հետազոտող, «Չեթհեմ Հաուսի» (Լոնդոն) ավագ գիտաշխատող, քաղաքագետ և պատմագիտության դոկտոր Լիլյա Շևցովան՝ խոսելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին հարցի շուրջ։
Ինչ վերաբերում է Արևմուտք-Ռուսաստան դիմակայությանը և Ռուսաստանի ապագային, նա կարծիք է հայտնել, որ Կրեմլի ներկայիս իշխանության քաղաքականությունը Ռուսաստանը մտցրել է փակուղի, և երկիրը մոտեցել է տնտեսական կործանման եզրին։
Ուկրաինական ծագումով քաղաքագետը նույնիսկ նոր հեղափոխություն է կանխատեսում Ռուսաստանում. «Հեղափոխությունն իրականացնում է բնակչությունը, որը սկսում է ավելի վատ ապրել, քան մինչ այդ: Ինքը՝ իշխանությունը, հող է նախապատրաստում նոր հեղափոխության համար»»։
Առավել մանրամասն՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: