Շարունակում է տիրել անկայուն իրավիճակ՝ ապրանքների գների հաստատման հետ կապված
Շարունակում է տիրել անկայուն իրավիճակ՝ ապրանքների գների հաստատման հետ կապված: Երեկ երեկոյան և այսօր Operativ.am-ի թղթակիցը շրջեց տարբեր խանութներով, որի արդյունքում պարզ դարձավ, որ խանութներում ապրանքների գները փոփոխվում են անընդմեջ:
Արդյունքում մարդկանց մոտ առաջանում էր որոշակի խուճապ, որն էլ իր հետևից բերում էր խանութներում առաջացող երկար հերթեր: Երեկ երեկոյան որոշ խանութներում շաքարավազի գինը դարձել էր 900-1000 դրամ: Այսօր առավոտվա դրությամբ, սակայն, շաքարավազի գինը նվազել էր՝ հասնելով 650-700-ի: Թանկացումներ էին գրանցվել նաև կաթնամթերքի շուկայում, որտեղ մածունը վաճառվում էր 500 դրամով:
Երեկոյան խանութներում այնպիսի հերթ էր առաջացել, որ վաճառողները ստիպված էին խանութները փակել և փոխել գնապիտակները: Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց նաև Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի բնակիչների հետ, ովքեր ասացին, որ 20.00-ի դրությամբ նախկինում 220-ով վաճառվող հացը դարձել է 400 դրամ: Այս պահին կրկին շարունակում են գնապիտակների փոփոխությունները: Հիշեցնենք, որ դոլարի վաճառքի միջինացված գինը շարունակում է նվազել:
Սոնա Բախշյան