Ազգն ինքնապաշտպանական մեխանիզմներ է մշակել, որոնց արդյունքն էլ այս համընդհանուր խուճապն է
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Հանրությունն ամենուր այսպիսին է՝ ցանկացած հասարակական ցնցում նա ծանր է տանում, արագ խուճապի մատնվում, մտածում փախչել-փրկվելու մասին: Եթե անցնցում ժամանակներում նա այնքան անպաշտպան է, որ, ասենք, հանգստանալու կամ հիվանդանալու իրավունք չունի, քանի որ հանգիստն ու բուժումը միջին վիճակագրական հայի գրպանի բանը չեն, ապա ցնցումների շրջանում նա առնվազն սով, ցուրտ, այլ զրկանքներ է կանխատեսում, մտածում սեփական գլուխն ու զավակներին փրկելու մասին: Սրանից էլ գալիս է այն անկանխատեսելի պահվածքը, որ մենք այս օրերին տեսնում ենք. ոմանք ուտելիք են ամբարում, մյուսները՝ խուճապահար արտարժույթ գնում, երրորդները՝ ինքնաթիռի տոմս առնում։
Ինչի՞ց է գալիս այս առուփախի, մի կողմից իրավիճակից ամեն գնով շահած դուրս գալու, մյուս կողմից հիվանդագին դեպրեսիայի մեջ ընկնելու հակումը: Սա մի կողմից խոսում է ազգի հոգեբանական անկայուն վիճակի մասին: Երբ մարդը ցանկացած զրկանքի մեջ աղետ ու երկրագնդի կործանում է տեսնում: Մյուս կողմից խոսում է այն անվստահության մասին, որ նա տածում է իր իշխանության հանդեպ: Այս պարագայում հին հայկական ասացվածքը, թե «ազգովի մահը հարսանիք է», չի գործում, քանի որ ազգը գիտի՝ ծանր պահերին ինքը «մեռնելու» է, իսկ իր իշխանությունը՝ «հայդե Փարիզ», թալանած միլիոնները վայելելու: Ազգը նաև գիտի, որ ոչ ոք հոգ չի տանելու իր սոված զավակի մասին և ոչ ոք ձեռք չի մեկնելու իրեն, երբ գործազուրկ կամ տնանկ դառնա:
Ազգը նաև գիտի, որ ապաշնորհ կառավարման արդյունքում առաջացած կատակլիզմները կոտրվելու են հենց շարքային մարդու գլխին, այլ ոչ թե կառավարության անդամների և իշխող մեծամասնության: Ազգն ինքնապաշտպանական մեխանիզմներ է մշակել, որոնց արդյունքն էլ այս համընդհանուր խուճապն է ու հուսահատ վիճակը»,–գրում է թերթի խմբագիրը»։
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: