Օսմանյան աղբյուրները Հայաստանի մասին
Օսմանյան աղբյուրներում ուշագրավ տեղեկություններ կան 1512-1639 թթ․ թուրք-իրանական պատերազմների ժամանակ Հայաստանում տիրող իրավիճակի մասին։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը։ Այսպես, թուրք պատմիչ Փեչեւին նկարագրում է 1553-1555թթ․ օսմանյան բանակի արշավանքներն ու կատարած ավերածությունները․ «Օսմանյան զորքը վերջապես հասավ Շորագյալ (Շիրակ) եւ այնտեղ իջեւանեց։
Այս երկիրը շատ բարեշեն է եղել, ունեցել է մշակված հողերով հարուստ բազմաթիվ գյուղեր։ Հաղթական բանակը քանդեց ու ավերեց դրանք, շինությունները ոչնչացրեց եւ հողին հավասարեցրեց․․․
Երեւանի հոյակապ ու գեղազարդ պալատները, պարտեզներն ու այգիները բոլորը կրակ տվին, այրեցին ու ավերեցին։ Գեղազարդ ու ոսկեփայլ կամարներն ու ծածկերը խորտակեցին եւ 20․000-ից ավել կանանց ու երեխաների մեր ասքյարները գերի տարան»։ Օսմանյան պատմիչ Սոլաք Զադեն նույնպես նկարագրում է իրենց բանակի 1555-ի երեւանյան արշավանքը։
«Երեւան քաղաքն Իրանի հոգին էր համարվում։ Այստեղ ոսկեզօծ պալատները կրակի մատնվեցին, այգիներն ու պարտեզները ոչնչացվեցին, բուերի ու ագռավների բույն դարձան»։
Քյաթիբ Չելեբին վկայում է․ «Էրմանիստանի քաղաքներն ու գյուղերը թաղվեցին փոշու ու լռության մեջ։ Մահն ու սովի ուրվականն էր թագավորում․․․ Տեղ-տեղ հանդիպում էին կիսամերկ մարդկանց խմբեր, որոնք սնունդ էին փնտրում եւ նույնիսկ հոշոտում միայնակ ու անօգնական մարդկանց ու տկարներին»։
Հայե'ր, գիտե՞ք, որ.ֆեյսբուք