ՀՀ-ի ու ՌԴ սինքրոն ցնցումը և իշխանությունների լռությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսատնտեսական սինքրոն ցնցումը շարունակվել է նաև երեկ՝ ստանալով ավելի սուր ընթացք։ Սինքրոն ցնցմանը զուգահեռ շարունակվում է երկու երկրների իշխանությունների սինքրոն լռությունը։ Ռուսաստանի իշխանությունների բացատրությունները, իհարկե, ռուսաստանյան հասարակության խնդիրն են, իսկ Հայաստանի հասարակությունը բացատրություն է պահանջում իշխանություններից։ Սակայն իշխանությունները լուռ են։
Որևէ մի պետական մարմին հանդես չի եկել որևէ մի հայտարարությամբ, բնակչության շրջանում առկա էմոցիոնալ լարվածությունը թուլացնելուն միտված որևէ մի խոսքով։ Հարյուր հազարավոր մարդիկ դրամային եկամուտների նախաարժեզրկման փուլում անգամ հազիվ էին հասցնում ծայրը ծայրին, և նրանք ուղղակիորեն կարող են աղքատության շեմին հայտնվել գնաճի պարագայում, որն արդեն իրողություն է և անկասկած թափ է հավաքելու։ Հազարավոր փոքր ու միջին գործարարներ կանգնել են անելանելի դրության առաջ, և նրանցից շատերը կարող են սնանկացման եզրին հայտնվել։
Այսինքն՝ սա արդեն խուճապ չէ, սա արդեն հոգեբանական, սթրեսային, շոկային մի ալիք է, որն ուղղակի կարող է մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնալ։
Ինքնին հասկանալի է, որ իշխանությունների համար էլ հեշտ չէ, թեև այս դեպքում, իհարկե, սրա մեղավորը իրենք են։
Այս ամենից զատ էլ, հեշտ է, թե հեշտ չէ, իշխանություններն ունեն պարտավորություններ քաղաքացիների առաջ, և այստեղ ոչ թե նրանց բարի կամքի, մարդասիրության խնդիրն է, այլ հասարակությանը պարբերաբար հաշվետվություն ներկայացնելու պարտականությունը»։
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: