Չիչխանը և դրա օգտակար հատկությունները
Օգտակար բուսատեսակների շարքին է դասվում նաև չիչխանը: Բուժման նպատակով օգտագործվում են բույսի պտուղներն ու սերմերը, դրանցից ստացվող յուղը, որոշ դեպքերում նաև տերևները: Պտուղները հավաքում են ձմռանը, երբ ձեռք են բերում հաճելի թթվահամություն: Պտուղներն իրենց համը և բուժական հատկանիշները պահպանում են նույնիսկ սառած վիճակում: Տերևները հավաքում են և չորացնում միջանցիկ քամու տակ: Սակայն դեղաբույսը համընդհանուր ճանաչում է ձեռք բերել իր գորշ կարմրավուն, յուրահատուկ համով ու հոտով յուղի շնորհիվ, որի պահանջը չաբազանց մեծ է:
Տարբեր ժողովուրդներ չիչխանի պտուղներն օգտագործել են որպես հակալնդախտային, ցավազրկող, մազերն ամրացնող, մաշկային որոշ հիվանդություններ բուժող միջոց: Պտուղներից պատրաստված եփուկն օգտագործվում է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ: Սերմերից պատրաստված եփուկն օժտված է հիանալի լուծող հատկությամբ, մինչդեռ ճյուղերի և տերևների եփուկը ունի միանգամայն հակառակ ներգործություն և օգտագործվում է փորլուծության ժամանակ: Դեղաբույսից ստացված յուղը լայն կիրառություն ունի կլինիկական բժշկության մեջ: Յուղը օգտագործում են անմիջապես նշագեղձերը հեռացնելուց հետո, որի շնորհիվ իջնում է ջերմությունը, վերացնում ցավը, արագացնում բուժման պրոցեսը:
Այն օգտագործվում է նաև այրվածքների, ցրտահարության, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության դեպքում: Յուղը լայնորեն օգտագործվում է գինեկոլոգիական պրակտիկայում:
Բազմաթիվ կլինիկական տվյալներ հաստատել են յուղի օգտակար ներգործությունը ծերունական կատարախտի, շաքարային դիաբետի, աչքի որոշ հիվանդությունների, անեմիայի, գաստրիտի, հիպերտոնիկ հիվանդության ընթացքի վրա և այլն:
Պտուղների և տերևների եփուկն օգտագործվում է ինչպես ներքին ընդունման, այնպես էլ գլուխը լվանալու ձևով' մազաթափության և ճաղատության, ինչպես նաև ռևմատիզմի և պոդագրայի ժամանակ: Պտուղները թարմ կամ սառած վիճակում ուտում են ավիտամինոզի և ընդհանուր հյուծվածության ժամանակ: Կեղևը' շնորհիվ սերոտոնինի պարունակության, օժտված է որոշակի հակաուռուցքային հատկությամբ և մտնում է հակաուռուցքային պատրաստուկների կազմի մեջ, որոնք փորձնականորեն տվել են որոշակի շոշափելի արդյունք: