Վախենում են ԵՏՄ պայմանագիրը մերժվի՞
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտի համար պապից կաթոլիկ դառնալու ժամանակներ են եկել. չնայած հանգամանքին, որ նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ-ում չի քննարկվել «դարի պայմանագիրը», այնուհանդերձ, երեկվանից մեծով-փոքրով ՀՀԿ-ն ինքնատրվել է ԵՏՄ պայմանագրի քննարկմանը, որպեսզի մեծ եղբայր Ռուսաստանը տեսնի, որ Ռուսաստանն իրար ձեռքից փախցնող հայաստանյան քաղաքական դաշտում, հատկապես ՀՀԿ-ում, «մե տոն, մե ուրախություն է»:
Այսօր ԱԺ մի շարք' մարդու իրավունքների, տնտեսական, արտաքին հարաբերությունների, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովներում համաժամանակյա քննարկումներ կլինեն սույն պայմանագրի առնչությամբ. հանձնաժողովները կքննարկեն պայմանագրի «համապատասխան դրույթները»: Հայոց պառլամենտարիզմի պատմության մեջ եղե՞լ է նախադեպ, երբ այս կարգի «հույժ» կարեւոր պայմանագիր քննարկվի' համաժամանակյա նման ռեժիմով, հարցրինք պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին:
«Իհարկե եղել է, հեռու չգնանք՝ անձնական համարանիշների տվյալների հետ կապված օրինագիծը, որի առնչությամբ էլ այսօր մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ է անցկացնելու»: Վախենում եք ԵՏՄ պայմանագի՞րն էլ մերժվի այդ նախագծի նման, դրա համա՞ր եք սկսել հանձնաժողովային այս մոբիլիզացիան: «Բացարձակ, Ձեր հարցը խիստ պրովոկացիոն է. պայմանագրով պարզապես հանրության լայն շրջանակների իրավունքները, շահերը, պարտականությունները շոշափող փաստաթուղթ է, այդ պատճառով»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: