Ի՞նչ են շահում Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից միության անդամ երկրները. պարզաբանում է Գագիկ Մինասյանը
Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը մի շարք քննարկումներ առաջ բերեց: Այս առնչությամբ Խորհրդարանում լսումներ եղան, որոնց ընթացքում պատասխան տրվեցին բոլոր հուզող հարցերին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Միությունն ընդգծված տնտեսական է և դա ամրագրված է: Այս անդամակցությունը Հայաստանի տնտեսությանը նոր խոշոր հնարավորություններ կտա: Մենք կկարողանանք առանց արգելքների մեր ապարանքներն արտահանել դրսի շուկա»,-նշեց բանախոսը՝ հավելելով, որ դեռևս անդամակցության գործընթացքում հայկական կողմին հաջողվել է ձեռք բերել այնպիսի արտոնություններ, որոնք տրվում են անդամ երկրներին: Որպես այդպիսն բանախոսն առանձնացրեց գազի սակագնի և նավթամթերքի հետ կապված խնդիրները:
Խոսելով անդակամցության դրական կողմերից՝ բանախոսը նկատեց, որ անդամակցելով ոչ միայն Հայաստանի տնտեսության, այլև քաղաքացիների առաջ նոր հնարավորություններ կբացվեն: Համապատասխան կրթության դեպքում քաղաքացիները հնարավորություն կունենան աշխատել Ռուսաստանում:
Բանախոսն ընդգծեց, որ Հայաստանի անդամակցությունից շահում են նաև ԵՏՄ անդամ երկրները, քանի որ այս երկրներից միայն Հայաստանն ունի GSP և GSP + համակարգ: Անդրադառնալով մաքսատուրքերին՝ բանախոսը նշեց, որ ԵՏՄ անդամ երկրների և ՀՀ-ի համար տարբեր մաքսատուրքեր են գործում:
«Հայաստանում ներմուծման մաքսատուրքը 2.3 % է, իսկ ԵՏՄ անդամ երկրների համար՝ 8.9 %: Սա նշանակում է, որ միջին ապրանքները, որոնք մենք պետք է ներմուծենք, մոտավորապես 5 %-ով ավելի մաքսատուրք են պահանջելու: Մինչդեռ, լուրջ աշխատանքների արդյունքում մեզ հաջողվել է բացառություններ կատարել 750 ապրանքի համար, որոնք մոտակա 5 տարում ՀՀ կներմուծվեն հանրապետության մաքսատուրքերով»,-նշեց բանախոսը՝ հավելելով, որ հինգ տարի անց, մեզ համար չեն գործի ԵՏՄ մաքսատուրքերը, քանի որ այդ ժամանակ արդեն ԵՏՄ-ն ևս կվերանայի իր կողմից սահմանված մաքսատուրքերի չափը:
Վարդուհի Ստեփանյան