Եթե մարդը սևեռվում է ինչ-որ բանի դեմ պայքարի վրա, նա ձեռք է բերում այդ իր ատելի երևույթի բոլոր բացասական հատկանիշները
«Առավոտ» թերթը գրում է. «Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Եթե մարդը սևեռվում է ինչ-որ բանի դեմ պայքարի վրա, տվյալ դեպքում՝ կրոնի, նա ձեռք է բերում այդ իր չսիրած, ատելի երևույթի բոլոր բացասական հատկանիշները: Ըստ այդմ, բոլշևիկները՝ պայթեցնելով եկեղեցիները և այրելով կրոնական գրքերը, վարվում էին ճիշտ այնպես, ինչպես կաթոլիկ հավատաքննիչները: Բոլշևիկյան մոլեռանդությունը կրոնական մոլեռանդությունից ոչնչով լավը չէ:
Պատկերացրեք հիմա, որ դուք ունեք ինչ-որ մի սևեռուն գաղափար՝ ենթադրենք, «Պուտին», «Օբամա», «թուրքեր», «ռուսներ», «հրեաներ»՝ անունը կարևոր չէ, և առավոտյան աչքերը բացելիս կամ գիշերը քուն մտնելիս կենտրոնանում եք մեր այդ չսիրած երևույթի վրա, ձեր բոլոր մտքերը դրա շուրջ են. ձեր ամեն լսածը, կարդացածը, տեսածը, արտասանածը, մտածածը «բեկվում են» այդ երևույթի միջով: Դուք ամեն ինչ գնահատում եք այդ երևույթի նկատմամբ ձեր ատելության չափանիշով:
Իհարկե, մեր ատելության առարկան կարող է քաղաքական գործիչ, ազգ կամ որոշակի խումբ չլինել: Դա կարող է լինել մեր հարևանուհի Վարդուշը, որի ծաղկավոր խալաթն ամեն օր ազդում է ձեր նյարդերին: Եվ դուք, տեսնելով երկնքում սավառնող արբանյակը, միևնույն է՝ պատկերացնում եք Վարդուշի խալաթի նախշերը: Բայց, իհարկե, սևեռուն գաղափարների ամենատարածված ոլորտը քաղաքականությունն է, հասարակական կյանքն է, կրոնը: Ոչնչով չեմ կարող օգնել, կարող եմ միայն ցավակցել «սևեռուն գաղափարներ» ունեցող մարդանց»,–գրում է թերթի խմբագիրը»։
Առավել մանրամասն՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: