Թուրքիայի ազդեցության տակ գտնվող խմբավորումները
Սիրիայի հյուսիսում ամբողջությամբ Թուրքիայի ազդեցության տակ են գտնվում թյուրքմենական զինյալ խմբավորումները, որոնք բավական լավ զինված են
Արաբական աղբյուրների համաձայն' Սիրիայի հյուսիսում գործող մի քանի զինյալ խմբավորումներ ամբողջությամբ գտնվում են Թուրքիայի վերահսկողության տակ: Դրանք հիմնականում կազմված են տեղի թյուրքմենական ցեղերից: Հալեպում և դրա շրջակայքում թյուրքմենական խմբավորումների ընդհանուր թիվն այժմ հասնում է 4 հազարի, չնայած սկզբնական շրջանում այն ավելի մեծ է եղել' մոտ 7 հազար:
Այդ խմբավորումներն անընդհատ Թուրքիայից ստացել են ժամանակակից սպառազինություն և երբեք մատակարարման խնդիրներ չեն ունեցել: Այդ խմբավորումներից հատկապես աչքի են ընկել «Ֆաթիհ Սուլթան Մեհմեթ բրիգադը», «Սելջուկների բրիգադը», «Սուլթան Մուրադի բրիգադը», «Աբդուլհամիդ բրիգադը»:
Մասամբ Թուրքիայի ազդեցության տակ է արմատական «Ահրար աշ-Շամ» խմբավորումը, որի ղեկավար կազմում վերջին շրջանում ավելացել են թուրքամետ կողմնորոշում ունեցողները: Մի հատվածն էլ ունի սաուդական կողմնորոշում: Թուրքիայի հետ կապերի մեջ է նաև «Լիվա Թաուհիդ» խմբավորումը, որը, սակայն, վերջին շրջանում կորցրել է իր ազդեցիկ դերը: Թուրքիան շարունակում է իր աջակցությունն ու ազդեցությունը նաև «Ալ-Նուսրայի ճակատ» կազմակերպությանը: Սիրիայի ազատ բանակը նույնպես գտնվում է Թուրքիայի ազդեցության տակ, սակայն ԱՄՆ-ի դերն ու ազդեցությունն ավելի ակնառու է:
Հալեպում այժմ գործում են ավելի փոքր, տեղային խմբավորումներ, որոնցից «Բադր նահատակների բրիգադը» և դրա հրամանատար Հայաննին համարվում է թուրքական հատուկ ծառայությունների հետ կապեր ունեցող խմբերից մեկը:
Լևոն Հովսեփյան. ֆեյսբուք: