Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի ունեցվածքը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (մականունը՝ Շմայս), 2012թ. ստանալով պատգամավորական մանդատը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում գրառել է մեկական անհատական բնակելի տուն, հողամաս և հողին ամրակայված այլ անշարժ գույք։
Փոխարենը՝ «շարժական գույք», «արժեթղթեր», «փոխառություններ» և «դրամական միջոցներ» բաժիններում Մովսիսյանը ոչինչ չի հայտարարագրել։ Դատելով հայտարարագրից՝ Շմայսն ապրում է պատգամավորական «չոր-ցամաք» աշխատավարձով։ Օրինակ՝ 2013թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ նրա եկամուտը կազմել է 2,9 մլն դրամ, որը ստացված է պատգամավորական աշխատավարձից։
Պատգամավորի կինը՝ Նելլի Մովսիսյանը, հայտարարագրել է ընդամենը 880 հազար դրամի եկամուտ՝ ստացված աշխատավարձից։ Մամուլում բազմիցս գրվել է, որ Մովսիսյանը խաղատնային բիզնես ունի։ 2010թ., երբ խորհրդարանը օրենք ընդունեց խաղատները Ջերմուկում, Ծաղկաձորում և Սևանում կենտրոնացնելու մասին, նա նույնպես ստիպված էր եղել իր մի շարք խաղատները արգավանդի խճուղուց հանել»։
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: